
Պատմական Հայաստանի եզակի ատլասն արդեն պատրաստ է

Գիտական աշխատության արդյունք` Պատմական Հայաստանի եզակի ատլասը պատրաստ կլինի գարնանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում քարտեզագիր, «Կիլիկիա» առագաստանավի բոցման, Լոնդոնի արքայական աշխարհագրական ընկերության իսկական անդամ Գրիգոր Բեգլարյանը նշեց, որ ատլասի առաջին հատորն ամբողջությամբ նվիրված է Արևմտյան Հայաստանին։
«Այն Հայաստանը վերականգնող քարտեզ է: Ես այս ատլասի վրա աշխատել եմ գրեթե վեց տարի»,- ասաց քարտեզագիրը, հավելելով, որ աշխատանքը շարունակական կլինի:
Գրիգոր Բեգլարյանի խոսքով` ատլասի հրատարակման հետ կապված շնորհանդես կկազմակերպվի: Այն վաճառքի կհանվի բոլոր գրախանութներում: «Ամեն տարի մենք վերահրատարակում ենք Հայաստանի պատի քարտեզը` բնականաբար Արցախով, եւ Երեւանը: Իմ ծրագրերի մեջ կա հրատարակել եվրոպական բոլոր երկրների հայատառ քարտեզները, սակայն դրա համար տասնյակ տարիներ են հարկավոր»,- հավելեց քարտեզագիրը:
Պատմական Հայաստանի ատլասում տեղ է գտել ավելի քան 63 հազար բնակավայրի անվանում: Այն ներառում է բոլոր այն շրջանները, որտեղ մի քանի հազարամյակ շարունակ գոյություն են ունեցել հայկական պետական միավորումներ։