«Հովիկ Աբրահամյանի քաղաքական ամբողջ կենսագրությունը հիմնական մասով պայմանավորված է ՀՀԿ-ի հետ». Խոսրով Հարությունյան

168.am-ի զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը

Պարոն Հարությունյան, ինչպե՞ս եք գնահատում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ն լքելու որոշումը։

– Չեմ թաքցնի, որ ինձ համար անակնկալ էր, որովհետև Հովիկ Աբրահամյանի քաղաքական ամբողջ կենսագրությունը հիմնական մասով պայմանավորված է ՀՀԿ-ի հետ, և, թեև ինքն իր ֆեյսբուքյան գրառման մեջ ասում է, որ ինքն իր կյանքի լավագույն տարիներն է տվել ՀՀԿ-ին, հանուն արդարության՝ պետք  է փաստենք, որ այդ կուսակցության շնորհիվ նա կարողացել է իր քաղաքական ամենաբարձր հաջողություններն արձանագրել։ Ինձ թվում է՝ ես կլսեմ նաև իր՝ կուսակցությունից հեռանալու պատճառը։

Ենթադրում եմ, որ այդ պատճառը պետք է բացառապես լինի քաղաքական։ Երբ ասում եմ՝ քաղաքական, նկատի ունեմ, որ կուսակցության ինչ-որ մի կուրս կամ կարևորագույն գործունեության ուղղություն չի համընկել Հովիկ Աբրահամյանի քաղաքական ընկալումների և պատկերացումների հետ, և այն աստիճանի, որ մարդը գտնում է, որ այլևս ինքը համատեղելի չէ իր քաղաքական պատկերացումներով այդ կուսակցությանը։

Կարծում եմ՝ առաջիկայում դեռ Աբրահամյանը որոշ մեկնաբանություններ կտա, որովհետև հանրության համար դա ավելի կարևոր է։ Բոլորն էլ Հովիկ Աբրահամյանին և ՀՀԿ-ին տևական ժամանակ նույնացրել են, և հետևաբար՝ քաղաքական պատճառներ պետք է լինեն այդ որոշումը կայացնելու համար։ Քանի դեռ այդ քաղաքական դրդապատճառները չգիտեմ, ես որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ։

Ըստ Ձեզ՝ կուսակցության վարկանիշի՞ վրա ինչպես կազդի նախկին վարչապետի այդ քայլը։

– Նույն խնդիրն է, եթե նա մեկնաբանի քաղաքական իր մոտիվացիան, դրանից ելնելով՝ հանրությունն էլ կարող է իր վերաբերմունքը ձևավորել կուսակցության նկատմամբ։ Անցյալ տարի փետրվարի 12-ին հանրապետության նախագահը ելույթ ունեցավ, հանդես եկավ ծրագրային ելույթով, որտեղ լուրջ պահանջներ են ներկայացվում նաև կուսակցությանը։ Ես գիտեմ, որ նախագահը հետևողականորեն, հանդարտ, առանց կծկումների՝ այդ ներքին կյանքին ներկայացվող պահանջները ներկայացրել է, եթե մարդիկ կան, որ այդ պահանջներին չեն հաշտվում, չեն համաձայնում, դուրս են գալիս, դա քաղաքական չի կարող դիտվել։

Ուզում եմ ենթադրել, որ Հովիկ Աբրահամյանի քայլը դրա հետ կապ չունի։ Հովիկ Աբրահամյանի շահերից է հենց բխում, որպեսզի նա հանրությանը ներկայացնի իր՝ կուսակցությունից հեռանալու հիմնական քաղաքական պատճառները, եթե դրանք քաղաքական են։ Եթե դրանք քաղաքական չեն, այստեղ կարելի է ամենատարբեր բաները ենթադրել։

Ինչո՞վ եք բացատրում իշխանությունից դուրս գալու և ընդդիմադիր դաշտ մտնելու տենդենցը, որ վերջին շրջանում է նկատվում, եթե հաշվի առնենք նաև նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեպքը, և արդյոք դա թուլացնո՞ւմ է ՀՀԿ-ի դիրքերը։

– Չեմ կարծում, որ դրանից ՀՀԿ-ն թուլանում է։ Ի՞նչ է նշանակում՝ կուսակցության թուլացում կամ հեղինակազրկում, դա նշանակում է, երբ առևերույթ բոլոր նրանք, ովքեր դուրս են գալիս, փորձում են ներկայացնել կուսակցությանը քաղաքական պահանջներ։ Մենք նման բան չենք տեսնում, ուղղակի նրանք ընդդիմություն են դառնում։ Ես այդ իրավունքը վաստակել եմ այս խոսքերն ասելու համար։ 1992 թվականին, երբ ես, լինելով վարչապետ, ունեի քաղաքական տարաձայնություններ քաղաքական մեծամասնության հետ, ես հրաժարական տվեցի։ Սա է հասկանալի ճանապարհը։

Հիմա, եթե որևէ մեկն իշխանության մեջ ունի տարաձայնություններ քաղաքական կուրսի հետ, նա պետք է հրաժարական տա, այլ ոչ թե՝  պաշտոնանկ լինելու հենց հաջորդ օրը դառնա ընդդիմություն։ Ես այս ամենը մի քիչ կասկածահարույց եմ գտնում, և ոչ միայն՝ ես։

Բայց Հովիկ Աբրահամյանը հենց հրաժարական էլ տվեց։

– Հովիկ Աբրահամյանը պարզաբանեց իր հրաժարականը, ինչը նորմալ էր, բայց հիմա խոսքը գնում է կուսակցությունից դուրս գալու մասին, ինչը նշանակում է՝ լքել մի կառույց, որին դու պարտական ես քո բոլոր քաղաքական ձեռքբերումներով, լքելը պետք է ունենա քաղաքական լուրջ դրդապատճառներ, ես շատ կուզենամ, որ Հովիկ Աբրահամյանի մոտ լինեն այդ քաղաքական դրդապատճառները, և ինքը ներկայացնի հանրությանը։ Դա նաև շատ օգտակար կլինի իր համար, որպեսզի նա շարունակի ակտիվ քաղաքական պրոցեսում մնալ։ Այսինքն՝ չի կարելի կուսակցությունը լքել՝ զուտ անձնական նկատառումներից ելնելով, տվյալ դեպքում ես համոզված եմ, որ այդպես չէ։

Տեսանյութեր

Լրահոս