«Փոխանակ ասեն, որ կա Վիեննայի պայմանավորվածություն, որն Ադրբեջանը չի կատարում, որոշում են՝ ինչ ազգության է ուկրաինացի պատգամավորի տատը». Ռուբեն Մեհրաբյան
«2017 թվականին Ռուսաստանը սնանկանալու է: Ի՞նչ է դրանից հետո անելու Հայաստանի իշխանությունը: Այսօր ոչ ոք չի ուզում իր ուղեղը ծանրաբեռնել՝ այդ հարցն իրեն տալով: Ընդդիմության մեջ էլ մենք չենք տեսնում նման հարցադրում: Հետխորհրդային ժամանակաշրջանն ավարտվում է և սկսվելու է հետռուսական ժամանակաշրջանը: Դրա մասին պետք է մտածել այսօր, իսկ մենք այսօր զբաղված ենք կրկեսով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական խնդիրներին՝ նման գնահատական տվեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
168.am-հարցին՝ ստեղծված ներքաղաքական իրավիճակը Ղարաբաղյան հարցի վրա ի՞նչ ազդեցություն կունենա. մենք տեսնում ենք ադրբեջանական կողմի ակտիվացում, և այս խառնակ իրավիճակում ի՞նչ է կանխատեսում, նա այսպես պատասխանեց.
«Արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն ու ածանցյալն է: Այսպիսի ներքին քաղաքականությունից էլ բխելու է այդպիսի արտաքին քաղաքականությունը: Մենք տեսանք, որ երեկ նույնիսկ ԵԽ ԽՎ-ում մի պարզ հարց հայկական դիվանագիտությունն ի զորու չէ լուծել. փոխանակ խոսեն այն մասին, որ կա Վիեննայի պայմանավորվածություն, որն Ադրբեջանը չի կատարում, որոշում են, թե ինչ ազգության է ուկրաինացի պատգամավորի տատը: Նման գավառամիտներին Հայաստանի անունից դուրս ուղարկել չի կարելի: Անհարմար են նման տնայնագործ ելույթները: Քառօրյա պատերազմից որևէ քաղաքական հետևություն չարեցինք, այսինքն՝ այն բոլոր պայմանները, որոնք հանգեցրին քառօրյա պատերազմին, պահպանվել են, ու ցանկացած պահի կարող են օդում պայթել, և մենք բախվենք դրա կրկնությանը՝ գուցե ավելի մեծ մասշտաբներով»:
Շարունակելով մեր հարցի պատասխանը, փորձագետն ասաց, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում հայկական կողմը հանդիսանում է ռուսական գրպանում մանրադրամ.
«Ցավոք, մեր իշխանություններին այսօր ձեռնտու է այդպիսի կեցվածքը, որովհետև, եթե այդպես չլիներ, ապա Վիեննայում այդ պայմանավորվածությունները հայկական դիվանագիտությանը նվիրեցին, և որպեսզի դա կյանքի կոչվեր, պետք էին այլ քայլեր, այլ ոչ թե գնային Սանկտ Պետերբուրգ: Գնացին Սանկտ Պետերբուրգ, ամեն ինչ ավարտվեց: Շնորհակալություն մեր ռազմավարական դաշնակցին, որտեղ էլ հիմա գտնվում է Կարեն Կարապետյանը: Ի՞նչ է խոսում նա Մեդվեդևի հետ: Մեդվեդևն առանց Կրեմլի թույլտվության՝ նույնիսկ չի փռշտում: Արդյունքում՝ մենք ունենք այն, որ ռուսները ներքին անձնագրերով գալու են Հայաստան, թե ովքեր են նրանք, ոչինչ պարզ չէ»: