«Եթե չլինեին ոչ-ոքիները, «Մանչեսթեր Յունայթեդը» մարտահրավեր կնետեր «Չելսիին». Սըր Ալեքս Ֆերգյուսոն
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է թիմի ելույթները Ժոզե Մոուրինիոյի գլխավորությամբ:
«Թիմն իր մարզչի հայելային արտացոլումն է: Նրանք խաղում են եռանդուն, նպատակաուղղված, ցուցաբերում են հաղթանակի կամք. այդ ամենը շատ կարևոր է: Եթե չլինեին այդ բոլոր ոչ-ոքիները, նրանք մարտահրավեր կնետեին «Չելսիին»: Դա տխուր է, և Մոուրինիոն ստիպված է ապրել դրանով, բայց նա, կարծում եմ, ոգևորված է թիմի առաջընթացով:
Կարծում եմ՝ նա լավ է գլուխ հանում իր աշխատանքից: Մարզել «Մանչեսթեր Յունայթեդը» նույնքան դժվար է, որքան և այնտեղ խաղալը: Գալ և ձևափոխել իմ ժամանակների ակումբը, այդքան էլ հեշտ չէ: Բայց երևում է, որ նա վճռականորեն է կպել գործին, թիմը շատ լավ է խաղում, բայց ուղղակի բախտը չի բերում: Եղել են արդեն 6 ոչ-ոքիներ այն խաղերում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է հաղթեր»,- ասել է Սըր Ալեքսը:
22 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը՝ հետ մնալով առաջատար «Չելսիից» 14 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը