Ինչու Հայաստանում կոռուպցիան չի վերանա

Կոռուպցիա, կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիայի նվազեցում… եթե տարբեր ելույթներում առավել շատ հնչող բառերի ու արտահայտությունների վարկանիշ կազմվեր, «կոռուպցիան» առաջին հորիզոնականներում կլիներ։

Ասում ենք` կոռուպցիան Հայաստանում տարածված է, կոռուպցիան լրջագույն խնդիր է։ Այն պետք է լուծել։ Սակայն, ինչպես և ցանկացած խնդրի դեպքում, լուծմանն անցնելուց առաջ, նախ` պետք է հասկանալ խնդիրը, դրա մասշտաբներն ու հետևանքները։ Պարզ ասած` չափել այն։

Սակայն խնդիրը բարդանում է նրանով, որ կոռուպցիան չափազանց դժվար է չափել, գործնականում անհնարին է։ Կոռուպցիան գնահատելու ամենատարածված մեթոդը, որն օգտագործում է հակակոռուպցիոն ամենահայտնի կենտրոնը` Transparency International-ը, ընկալումն է։ Այսինքն` չափվում է ոչ թե կոռուպցիան, այլ հասարակության կողմից դրա ընկալումը։ Ավելի պարզ ասած` անցկացվում է հարցում, թե տվյալ երկրի բնակչությունն ինչպե՞ս է գնահատում կոռուպցիայի տարածվածությունը, մասշտաբները, խորությունը, և ըստ այդմ` կազմվում է վարկանիշը։ Այսինքն, կոռուպցիայի ընկալման համարանիշը, որն ամեն տարի ընկալվում է, հիմնված է ոչ թե օբյեկտիվ իրականության, այլ հասարակության անդամների կարծիքի վրա։

Ըստ այդմ, ՀՀ բնակչության 34%-ի կարծիքով` Հայաստանում իրենց պես մարդիկ կաշառք են տալիս: Սա կոռուպցիայի ընկալման միջին ցուցանիշն է։ Ընդ որում, բավականին բարձր ցուցանիշ է` այլ երկրների համեմատ։ Տարածաշրջանի երկրներից ավելի բարձր ցուցանիշ ունի միայն Մոլդավան։

Այսինքն, մենք` ՀՀ բնակիչներս, բավականին բարձր ենք գնահատում կոռուպցիայի մակարդակը։
Սակայն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը բավականին հետաքրքիր համադրություն է կատարել։ Այս կառույցն իր «Life in Transition» զեկույցում համադրել է կոռուպցիայի միջին մակարդակը (average perception of corruption), այսպես ասած, կոռուպցիայի միջին փորձի (Average experience of corruption) հետ։

Այս երկրորդ ցուցանիշն այն մարդկանց թիվն է, ովքեր խոստովանել են, որ վերջին 12 ամսում անձամբ իրենք կամ ընտանիքի անդամները կաշառք են տվել։ Նման խոսովանություն արել է Հայաստանում հարցման մասնակիցների ընդամենը 11%-ը։

Հիմա կրկին վերհիշենք։ Հայաստանցիների 34%-ը կարծում է, որ իրենց պես մարդիկ կաշառք են տալիս, սակայն ընդամենը 11%-ն է խոստովանում, որ իրենք նման բան արել են։
ՎԶԵԲ-ի զեկույցի հեղինակներն այս անհամապատասխանությունը մեկնաբանում են հետևյալ կերպ` Հայաստանում կոռուպցիայի իրական մակարդակն ավելի ցածր է, քան կարծում են ՀՀ բնակիչները։ Այսինքն` մենք գերագնահատում ենք այս երևույթի մասշտաբները։

Սակայն, եթե շատ անկեղծ լինենք, ապա պետք է խոստովանենք, որ այս անհամապատասխանությունը նաև մեր մեկ այլ վատ հատկության մասին է վկայում. մեր ծանոթներին համարել շատ ավելի անազնիվ, քան ինքներս մեզ։

Երևի կասեք` դա միայն հայերի մոտ չէ։ Դրա համար խորհուրդ ենք տալիս նայել 2.3 գծապատկերին։ Կանաչ սյուները ցույց են տալիս կոռուպցիոն փորձը, իսկ մուգ շեղանկյունը` ընկալման մակարդակը։ Ինչպես նկատում եք` ամենամեծ շեղումը մենք ունենք։

Ավելին` երկրների մեծ մասում հակառակ պատկերն է` կոռուպցիայի ընկալումն ավելի ցածր է, քան փորձը։ Օրինակ, Վրաստանում հարցվածների 9%-ը խոստովանել են, որ կաշառք են տվել։ Սակայն մյուսներին կոռումպացված համարողներն ընդամենը 2% են։

Սակայն սա դեռ ամենը չէ։

Մենք` որ այդքան խոսում ենք կոռուպցիայի բացասական հետևանքների, դրա դեմ պայքարելու անհրաժեշտության մասին, իրականում ի՞նչ ենք անում` այդ երևույթի դեմ։ «Մենք» ասելով` նկատի ունենք ոչ թե իշխանություններին, այլ հասարակությանը։
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Life in Transition» զեկույցը թույլ է տալիս պատկերացում կազմել այդ մասին։

Ինչ են անում մարդիկ` կոռուպցիոն երևույթի հանդիպելիս։ Հաղորդում են պատկան մարմինների՞ն այդ մասին։ Հայաստանում նման կերպ վարվում են հարցվածների 4-5%-ը։ Որովհետև մենք դժգոհում ենք կոռուպցիայից, սակայն նման կերպ վարվողներին անվանում ենք «գործ տվող»։ Ի դեպ, այս ցուցանիշով մենք վերջին տեղում ենք զեկույցում դիտարկված 3 տասնյակ երկրների շարքում։ (գծապատկեր B.1.-ում դա կանաչ սյունակն է)։

Համեմատության համար նշենք, որ արևմտյան Եվրոպայի երկրներում նման դեպքերում հաղորդում են տալիս հարցվածների ավելի քան 30%-ը, Գերմանիայում` 46%-ը։
Իսկ ի՞նչ ենք անում մենք։ Ճիշտ է` ոչինչ։ Այդ «ոչինչ չանողների» կշիռը գծապատկերի վրա արտացոլված է բաց շեղանկյունով։ Ինչպես տեսնում ենք` Հայաստանի համար կանաչ, անտարբերության շեղանկյունն ամենաբարձր դիրքում է։ Հարցվածների 55%-ը Հայաստանում սովորաբար ոչինչ չի անում նման դեպքերում։

Կա նաև երրորդ տարբերակը` հրաժարվել կաշառք տալ, սակայն չհաղորդել այդ մասին։ Նման կերպ Հայաստանում վարվում են հարցվածների 20%-ից փոքր-ինչ ավելին։
Հիմա եկեք ինքնաքննադատաբար, ինքներս մեզ անկեղծորեն խոստովանենք` այս թվերին նայելով` կարելի՞ է հուսալ, որ Հայաստանում կոռուպցիան կնվազի։ Իհա՛րկե ոչ։ Որովհետև մենք` հասարակ քաղաքացիներս (մեծամասնությունը), դրա համար ոչինչ չենք անում։ Մենք մեղադրում ենք բոլորին` մեր հարևաններից սկսած` իշխանություններով վերջացրած։ Սակայն մոռանում ենք ինքներս մեզ։

Տեսանյութեր

Լրահոս