ԵՄ-ից դուրս գալու գործընթացը Մեծ Բրիտանիան կսկսի գարնանը
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է սկսել Եվրամիությունից դուրս գալու գործընթացը մինչև մարտի վերջը, ինչպես ավելի վաղ պլանավորվել էր, չնայած խորհրդարանի համաձայնությունը ստանալու անհրաժեշտությանը: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնն իր թվիթերյան էջում:
«Գերագույն դատարանն արդեն հայտնել է իր կարծիքը։ Ներկայումս խորհրդարանը պետք է հաստատի մարդկանց կամքը՝ մենք կգործարկենք Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը մարտի վերջին։ Մենք առաջ ենք շարժվում»,- գրել է Ջոնսոնը։
Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն այսօր մերժել է երկրի վարչապետ Թերեզա Մեյին առանց խորհրդարանի հավանության գործարկել ԵՄ-ից դուրս գալու գործընթացը։
Այն բանի օգտին, որպեսզի Brexit-ի գործընթացի գործարկումը քննության դրվի խորհրդարանում, քվեարկել է 11 գերագույն դատավորներից 8-ը։
Միևնույն ժամանակ, դատարանը վճռել է, որ Brexit-ի գործարկումը սկսելու համար չի պահանջվում Շոտլանդիայի, Ուելսի, Հյուսիսային Իռլանդիայի խորհրդարանների հավանությունը։
Մեծ Բրիտանիայի ներկայիս կառավարությունը մարտի 31-ը համարում է վերջնաժամկետ, երբ բրիտանացի պատգամավորները պետք է տան իրենց համաձայնությունը, որպեսզի Մեյը սկսի երկրի՝ ԵՄ-ից դուրս գալու գործընթացը։