
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 23-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին: Այս մասին հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես, հանձնակատարի հետ քննարկվել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի իրականացման մեխանիզմները: Հանձնակատարը կարևորել է նոր օրենքում առկա դրույթները, որոնք առնչվում են քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանը:
Քննարկվել են նաև նոր օրենքի պայմաններում ազատությունից զրկված անձանց, զինծառայողների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցեր և այլն: Պաշտպանը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել 2016 թվականի դեկտեմբերի 29-ի, ինչպես նաև 2017 թվականի հունվարի 3-ի և 4-ի Չինարի գյուղի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների մանրամասները, պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները, ինչպես նաև կազմված զեկույցը, այդ թվում՝ ձեռքբերված ապացույցներով:
Դրանից բացի, հանդիպման ընթացքում Պատպանի կողմից մանրամասն ներկայացվել է Օ. Լապշինի հանձնման որոշման ու դրա անթույլատրելի բացասական նշանակության մասին: Ըստ Պաշտպանի՝ դա լրջագույն վտանգում է խոսքի ազատությունը, ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրվող խախտումների կանխարգելման հարցերում։