Հայաստանում Ինտերպոլին հաջողվել է մեկ տարում պարզել 168 անձանց գտնվելու վայրը
Հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ ՀՀ ոստիկանության մարմինների կողմից 2016 թվականին ստացված 174 նոր հարցումների հիման վրա հաջողվել է պարզել 168 անձանց գտնվելու վայրը:
2016 թվականին 113 հետախուզվող ձերբակալվել է, իսկ 19-ը ենթարկվել արտահանձնման: Ինտերպոլի ուղիներով իրականացված աշխատանքների շնորհիվ հաջողվել է հայտնաբերել միջազգային հետախուզման մեջ գտնվող 35 անձանց, որոնցից 32-ը ձերբակալվել են, 11-ը ենթարկվել արտահանձնման:
ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն (ԱԿԲ) համագործակցել է Ինտերպոլի անդամ 94 երկրների հետ, որոնցից առավել ակտիվ կապ է եղել Ռուսաստանի Դաշնության (1731 ստացված և առաքված տեղեկատվական միավոր), Ֆրանսիայի (719), Վրաստանի (405), Ուկրաինայի (391), Գերմանիայի (338), Թուրքիայի (318), Շվեդիայի (314), Իրանի (291), Լեհաստանի (170), և ԱՄՆ-ի (167) հետ:
Ինտերպոլի անդամ երկրներից հետախուզման վերաբերյալ ստացված 231 նոր հարցումների հիման վրա կատարված աշխատանքների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում հաջողվել է կազմակերպել 56 անձի հայտնաբերումը, որոնցից 24-ը ձերբակալվել են, 3-ը ենթարկվել արտահանձնման: Իրականացված աշխատանքների շնորհիվ հաջողվել է հայտնաբերել միջազգային հետախուզման մեջ գտնվող 29 անձանց, որոնցից 21-ը ձերբակալվել են, 3-ը ենթարկվել արտահանձնման:
Ինտերպոլի հետախուզվողների ինտերնետային վեբ-էջում ներկայումս արտացոլված են 12 հետախուզվողների տվյալները: