
Օբամայի վարչակազմը աշխատանքի վերջին ժամերին Պաղեստինին է փոխանցել 221 մլն դոլար

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը աշխատանքի վերջին օրերին Պաղեստինի ինքնավարությանն է փոխանցել 221 մլն դոլար, ինչին երկար ժամանակ դեմ էին հանդես գալիս ԱՄՆ Կոնգրեսի Հանրապետական կուսակցության անդամները։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով վիճակին մոտ կանգնած աղբյուրներին։
Դրա տեղեկություններով՝ Օբամայի վարչակազմը պաշտոնապես, գրավոր տեսքով տեղեկացրել է Կոնգրեսին իր որոշման մասին հունվարի 20-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իշխանությունը ստանձնելուց մի քանի ժամ առաջ։
Դրանից 1 օր առաջ ԱՄՆ արդեն նախկին պետքարտուղար Ջոն Քերին օրենսդիրներին հայտնել է Օբամայի վարչակազմի որոշման մասին։
Ի հավելումն Պաղեստինին ուղղված այդ միջոցների՝ Օբամայի վարչակազմը 6 մլն դոլար է հատկացրել արտաքին քաղաքականության ոլորտի ծախսերին, այդ թվում՝ 4 մլն դոլար՝ կլիմայի փոփոխության ոլորտի ծրագրերին, 1.25 մլն դոլար՝ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող կազմակերպությունների կարիքների համար, ինչպես նաև 1.05 մլն՝ դոլար Աֆղանստանի և Պակիստանի հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցչի գործունեության ֆինանսավորմանը, ինչպես նաև Հարավային և Կենտրոնական Ասիայի բյուրոյին։