Բաժիններ՝

«Բարի եղեք՝ վճարեք մեր աշխատավարձերը». «Կոնտինենտ Տեքս» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցներն իրենց փողերն են ուզում

ՀՀ ներքին գործերի նախարարության «Կոնտինենտ Տեքս» փակ բաժնետիրական ընկերությունը, որը դադարեցրել է իր գործունեությունը 2013 թվականի դեկտեմբերին, շուրջ 126 աշխատակիցների աշխատավարձերը և վերջնահաշվարկները դեռ չի վճարել։ Այսօր ՓԲԸ-ի նախկին աշխատակիցներ Գոհար Թամամյանը, Հայկանուշ Գալստյանը և Սանամ Ավագյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեցին, որ հիմնարկի լուծարման օրվանից իրենք ընկած են դռնեդուռ, որպեսզի ստանան իրենց աշխատավարձերը, սակայն՝ ապարդյուն։

«Հանդիպել ենք Ներքին գործերի նախարարության աշխատակազմի ղեկավարի հետ, փոխնախարարին, ոչ ոք չի ասում, որ չենք ստանալու, ասում են՝ անպայման ձեր փողերը կստանաք, բայց ո՞ւր է, արդեն 4-րդ տարին է սկսվում։ Թղթերը հանձնել ենք դատարան, վճիռը կայացավ, որ պետք է գույքը վաճառեն, նոր վճարեն մեր աշխատավարձերը, բայց մենք այնտեղ գույք չունենք վաճառքի։ Հարկայինին 53 միլիոն դրամ փող են պարտք, ասում են՝ գույքը կվաճառվի, հարկայինի պարտքերը կփակվի, նոր ձեր պարտքերը կտանք»,- բողոքեցին ՓԲԸ-ի աշխատակիցները։

Նրանց խոսքով՝ իրենց պարտքի գումարը կազմում է մոտ 15-20 միլիոն դրամ, ամեն մեկի պարտքի չափը տարբեր է՝ 600 հազարից մինչև 1 միլիոն։ Ըստ հիմնարկի նախկին աշխատակիցների՝ նրանց հարցով պետք նախագահն ու վարչապետը զբաղվեն, որ խնդրին լուծում տրվի. «Այդքան ժամանակ գնացել ենք հրապարակ, մի անգամ չեն եկել ասեն՝ հլը տեսնենք՝ էս կանայք ինչո՞ւ են այստեղ կանգնել, իրենց դա չի հետաքրքրում, որովհետև իրենք ապահով ապրում են, ու իրենց երեխաները շատ ապահով են։ Դարձանք մուրացական, ինչի՞ համար, 60-անց կանայք ենք, ինչո՞ւ պետք է այսօր վազենք այս կողմ, այն կողմ, ես աշխատել եմ, իմ գործը պետության հետ է եղել, բարի եղեք՝ վճարեք մեր աշխատավարձերը, ինչքա՞ն կարելի է մարդկանց այսպես ստորացնել։ Ես էլ արդեն թոշակառու մարդ եմ, ի՞նչ իմանամ՝ ինչ կլինի, այդ փողը ե՞րբ պետք է ստանամ։ Թողնեմ իրենց զավակների՞ն»։

«Կոնտինենտ Տեքս» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցների խոսքով՝ այս ամենը ցույց  է տալիս, որ Ոստիկանությունն այնքան «խղճալի» վիճակում է, որ գումար չունի՝ իրենց աշխատավարձերը տա։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս