Դատավոր Իշխան Բարսեղյանը չէր ներկայացվել դատական նիստին. դատավորի նկատմամբ անհամաչափ ո՞ւժ է կիրառվել

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը, ում վերաբերյալ գործը քննվում է նույն դատարանում, այսօր չէր ներկայացվել դատական նիստին։ Նրա բացակայության պատճառով դատական նիստն այսօր հետաձգվեց։ Դատավորի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկից գրություն էր ստացվել այն մասին, որ Իշխան Բարսեղյանին հնարավոր չէ դատարան տեղափոխել՝ ելնելով առողջական վիճակից։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 3-ին։

Դատական նիստի ավարտից հետո Իշխան Բարսեղյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը պարզաբանեց, որ ատամների հետ կապված խնդիր է առաջացել, դատավորը, կարելի է ասել, ենթարկվել է բերանի խոռոչի փոքր վիրահատության, միգուցե խնդիրը դրա հետ է կապված։ Խնդրի առաջացումը, ըստ պաշտպանի, նաև առաջացել է նրան բերման ենթարկելու ընթացքում։ «Այդ մասին պարոն Բարսեղյանն էլ է հայտարարություն արել, որ բռնության է ենթարկվել։ Նախաքննության ընթացքում այդ մասին հայտարարություններ եղել են, և դա նույնպես նպաստել է, որ առաջանային այդ խնդիրները։ Ամբողջ ատամնաշարը շարժվում էր»,- ասաց Վարդուհի Էլբակյանը՝ նշելով, որ իրենք գտնում են, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելիս ոչ համաչափ ուժ է կիրառվել Իշխան Բարսեղյանի նկատմամբ։ Փաստաբանն ասաց, որ կատարվել է դատաբժշկական փորձաքննություն, որն իրենց չի բավարարում։

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1999թ. զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:

Էլզա Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն և կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով` կատարել է կաշառքի միջնորդություն:

Տեսանյութեր

Լրահոս