Մի խումբ մտավորականներ պահանջում են տեղափոխել խորհրդարանական ընտրությունների օրը
Հարգելի հայրենակիցներ,
2016թ. ապրիլի 1-ից 4-ը տեղի ունեցած քառօրյա պատերազմը հրաշեկ լիցքով անցավ ամեն հայի սրտով: Պատերազմը փաստեց նոր իրողություններ, որոնք մեզ ստիպեցին վերագնահատել վերջին 20 տարում ձևավորված բազում համոզմունքներ: Այդ օրերին մենք տեսանք, թե ինչպես դրսևորվեցին երիտասարդ հայ սերնդի բացաառիկ ոգեղեն հատկանիշները, ու երևաց հայրենիքի հանդեպ՝ աշխարհասփյուռ հայ ժողովրդի սիրո միահամուռ ալիքը:
Նշենք, որ ռազմական գործողությունները անսգող ուրվագծեցին նաև այն հանցանքներն ու թերացումները, որոնց պատճառով մենք ունեցանք պայծառ հայորդիների անդառնալի կորուստներ: Զոհված հայ հերոսների վիշտը սգաց համայն ազգը և այն թողեց մոխրացած կետ ամեն հայի սրտում: Այս տարի ապրիլ ամսի սկզբին տարելիցն է մեր կյանքի այդ դրամատիկ ջրբաժանի, սակայն պարզվում է, որ ապրիլի 2-ին նշանակված են ԱԺ համապետական ընտրություններ:
Փաստորեն պետական ինստիտուտի որոշումը կարող է վարագուրել հազարավոր անձնուրաց հայրենասերների հերոսությունը, քանի որ արդեն տասնամյակներ շարունակ ընտրական գործընթացները մեզանում վերը նշված ողջ դրականի ուղղակի հակադրությունն են և բացասականի գերխտացումը: Ժողովրդի հիշողության մեջ դրանք նույնանում են արդարացիության խախտման, ազգի ոգեղեն էությունը կոտրելու, միասնականությունը բզկտելու և իրար առճակատելու արատավոր երևույթների հետ: Դա մեր խորին համոզմամբ՝ արհամարհական վերաբերմունք է մեր սուրբ նահատակների հիշատակի հանդեպ: Վերը բերվածից ելնելով՝ Հոգևոր Հայաստանը պահանջում է անհապաղ տեղափոխել ընտրությունների օրը այնպես, որ որևէ կերպ այդ ժամկետը չնույնականանա քառօրյա պատերազմի հետ:
Հասմիկ Պապյան – օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ
Խաչիկ Չալիկյան – ռեժիսոր, դրամատուրգ
Եղիշե Պետրոսյան – երգահան, երաժիշտ
Ռուբեն Կարապետյան – պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ դեսպան
Վարդան Խաչատրյան – պատմաբան, ԵՊՀ դասախոս
Արեգ Նազարյան – «Ոստան Հայոց» ռոք խմբի հիմնադիր, «Կիլիկիա» նավի նավապետի ավագ օգնական
Արթուր Սարգսյան – Հաց բերող