
Samsung-ը հայտնել Է Galaxy Note 7-ի պայթյունների պաշտոնական պատճառը

Samsung-ը Galaxy Note 7-ի ինքնաբերական բռնկումների պատճառը պաշտոնապես համարել է կուտակիչների կառուցվածքը եւ թերությունները հավաքման գործընթացում: Հետաքննության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի տեսագրությունը հրապարակված է ընկերության կայքում:
Samsung-ի ինժներներն անկախ փորձագետների հետ հետազոտել են ավելի քան 200 հազար սարք եւ 30 հազար կուտակիչ, ստուգել են Galaxy Note 7-ի ապարատային եւ ծրագրային բաղադրիչները, հավաքումը եւ առաքումը խանութներ: Ընկերությունը ներողություն է խնդրել գնորդներից, գործարար-գործընկերներից եւ շարժական գործարկուներից՝ խոստանալով սահմանել անվտանգության բազմամակարդակ կանոնակարգ եւ այսուհետեւ թույլ չտալ նման խնդիրների առաջացում:
2016 թվականի սեպտեմբերին՝ վաճառքների մեկնարկից երկու ամիս անց Samsung-ն ստիպված էր ավելի քան 2,5 միլիոն սմարթֆոն հետ կանչել բռնկումների եւ պայթյունների հաճախացած դեպքերի պատճառով: Galaxy Note 7-ը հանվել է արտադրությունից: Այս սկանդալից Samsung-ի վնասը գնահատվում Է մոտավորապես 5 միլիարդ դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: