Բաժիններ՝

ԿԽՄԿ ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են ռազմագերի Արսեն Բաղդասարյանին

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են 2014թ. դեկտեմբերի 26-ից Ադրբեջանում գերի պահվող ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին։

Այս մասին հայտնել է ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահ Հուսեյնովը։ Նա հայտնել է, որ այցը տեղի է ունեցել հունվարի 18-ին։

Նշվում է, որ ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության միջոցով Բաղդասարյանն ու նրա ընտանիքը նամակներ են փոխանակել։

ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանը գերեվարվել էր 2014 թվականի դեկտեմբեր 26-ին: 2015 թվականի մայիսին Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանը նրան դատապարտել էր 15 տարվա ազատազրկման՝ դիվերսիոն գործողություններ կատարելու մեղադրանքով:

Ավելի վաղ ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել այն մասին, որ ԼՂՀ ՊԲ-ի կողմից Աղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, ինչի ընթացքում էլ Արսեն Էդուարդի Բաղդասարյանը ձերբակալվել է։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ պնդումները` տեղեկացնելով, որ լինելով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող՝ Բաղդասարյանը պարբերաբար ինքնակամ լքել էր մշտական տեղակայման վայրը, ինչի համար ժամանակավորապես հեռացված էր եղել ծառայությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս