Բաժիններ՝

«Ապագան էլեկտրոնային գրքերինն է, միաժամանակ, դրանք երբեք չեն կարող փոխարինել տպագրին». Վարդան Փարթամյան

168.am-ը զրուցել է անգլալեզու գրող Վարդան Փարթամյանի հետ: Վարդան Փարթամյանը 14 ստեղծագործության հեղինակ է, որից հինգը վեպեր են  (The After/Life, I, the Provocateur, The Proposition, The Circle Of…, Charon Gone Fishing), մյուսները՝ վիպակներ (The Uncertainty Consolation, The Old Man and the Flower):

Վարդանի հետ զրուցեցինք օնլայն հարթակներում գիրք տպագրելու փորձառության, ընթերցողին հետաքրքիր գրականություն մատուցելու և հայ գրականության առաջ ծառացած խնդիրների մասին։

Վարդան, ինչո՞ւ որոշեցիք գրել ոչ թե հայերեն, այլ անգլերեն, և ինչո՞ւ ընտրեցիք հենց գիտաֆանտաստիկ ժանրը:

– Գրելն ու գրականությունը, ինչպես նաև արվեստի այլ  ճյուղեր, ինքնարտահայտման միջոց է: Ինձ համար գրելն ու պատմություն պատմելը սկսվել է դեռ մանկապարտեզի տարիքից: Ես տանում էի աթոռը, դնում խմբի առաջ,  նստում էի աթոռին ու պատմություններ հորինում երեխաների համար: Դրանք բաղկացած էին այն պատմություններից, որ ինձ պատմում էին, ֆիլմերից, որ տեսել էի, նաև հորինում էի։ Դա երկար ու անվերջանալի պատմություն էր, որը շարունակվում էր այնքան ժամանակ, քանի դեռ ինձ տուն չէին տանում։ Հաջորդ օրը պատմությունը շարունակվում էր:

Հետո ինքս ինձ համար գրեցի, սկզբում գրում էի հայերեն, ոչ անգլերեն: Ամեն մի պատմություն իր լեզուն ունի: Այդ պատմությունները թելադրում են, թե ինչ լեզվով ես գրում: Հայերեն լեզվամտածողությամբ դժվար է գիտաֆանտաստիկ պատմություն պատմելը: Մեր լեզուն հարուստ է, բայց նաև շատ ռեալիստ ու պրակտիկ, որով շատ լավ գեղարվեստական ստեղծագործություններ կարող ես գրել, բայց գալիս է մի կետ, երբ հայերենն այդքան լավ չի հաղորդում ասածդ։

Դա եզրույթների՞ խնդիր է, այսինքն՝ գրելիս խնդիր կա՞ գիտաֆանտաստիկ ժանրի առանձնահատկությունները հայերենով հաղորդելիս:

– Մեր լեզվի, գրականության համար անգամ սովորական չէ «գիտաֆանտաստիկ» տերմինը: Դա տարօրինակ է հնչում հայերեն իրականության մեջ: Դու ունես «գիտա» կտորը և «ֆանտաստիկ» կտորը, որն այլ լեզվից է վերցված, որպեսզի ինչ-որ կերպ թարգմանվի ռուսերեն научная фантастика-ն:

Բոլորն էլ ինչ-որ տարիքում գրում են ու գրում են հիմնականում իրենց համար, իրենց պատմություններն են պատմում, և մարդկանց մի նեղ շրջանակ կա, ովքեր դա լսում ու կարդում են: Շատ դժվար է ստեղծագործությունդ ներկայացնել մարդկանց, բայց, եթե ուզում ես գրել ու աճել՝ որպես մեկը, որը պատմություններ է պատմում, չեմ ասում՝ որպես գրող, պետք է ավելի ու ավելի շատ մարդկանց ներգրավես: Դրանից աստիճանաբար առաջացավ անգլերեն գրելու ցանկությունը և նպատակը: Հենց նոր վերջացրել եմ վերջին վեպս՝ Charone gone fishing, որը սատիրա է՝ ֆանտաստիկ տարրերով, բայց դրանք մարդկային պատմությունների մասին են, երևակայություն, բայց իրական խնդիրների մասին պատմող:

Ինչպե՞ս առաջացավ գրքերը  Amazon-ի օնլայն հարթակում տեղադրելու ու այդ կերպ վաճառելու գաղափարը:

– Հայաստանի շուկան շատ փոքր է: Մարդիկ գրքեր են գնում սովորելու, կոնկրետ մասնագիտությունների համար, հետո գալիս  են բեսթսելլերները, որոնք մարդիկ գնում են, որպեսզի հետ չմնան համաշխարհային միտումներից, բայց դա ավելի շատ մոդայիկ է դարձել, ինքնանպատակ: Մենք ժամանակին շատ կարդացող ազգ էինք: Մարդիկ որպես հարստություն էին ցանկանում տանն ունենալ գրքեր, հիմա կարծես այդպես չէ: Հիմա այդ հին գրադարանները շատ քիչ են թարմացվում: Բացի այդ, հայկական հրատարակչությունները բավականաչափ որակյալ ապրանք չեն առաջարկում, որպեսզի մարդն իրոք հետաքրքրված լինի գիրք գնելով:

Փորձեցի փնտրել այլ միջոցներ, թե ինչպես իմ պատմությունները հասցնեմ ընթերցողին, և գտա այն ժամանակ դեռ նոր զարգացող էլեկտրոնային գրքերի Amazon-ի օնլայն հարթակը: Դա թույլ է տալիս մոտ 30 երկրներում՝ առանձին-առանձին, և ընդհանուր առմամբ՝ ողջ աշխարհում, հրատարակել գիրքը: Amazon-ը տոկոս է գանձում գրքի վաճառքից, բայց, ի վերջո, քեզ հնարավորություն է ընձեռվում մեծ քանակությամբ մարդկանց հաղորդակից դարձնել քո գրքերին: Ողջ խնդիրն այն է, թե ինչ ես առաջարկում: Amazon-ի հետ էքսկլյուզիվ պայմանագիր ունեմ, գրքերս այլ տեղ չեն հրապարակվում:

Շատ հետաքրքիր ճանապարհ է եղել դրանից հետո՝ թե՛ իր դժվարություններով, թե՛ դրական կողմերով, բայց ապագան էլեկտրոնային գրքերինն է: Միևնույն ժամանակ, էլեկտրոնային գրքերը երբեք չեն կարող փոխարինել տպագրին, որովհետև կենդանի գրքի զգացողությունը երբեք չի կարող փոխարինվել էլեկտրոնային որևէ սարքով, որը գիրքն իրեն մատուցում է: Դա այլ փորձառություն է, որովհետև բոլորս էլ ստիպված էլեկտրոնային գրքերից ենք օգտվում:

էլեկտրոնային գիրքը բավական դրական կողմեր ունի՝ ի տարբերություն տպագիր գրքի, քանի որ հնարավորություն է տալիս շատ մեծ քանակությամբ մարդկանց   ուղղորդել դեպի գիրք գնելը: Հիմա, քանի որ հասարակությունն ավելի նյութականացված է դարձել, գիրքն այլևս որպես նվեր չի դիտարկվում: Բայց այն հրաշալի նվեր է: Իմ կյանքի 10 նվերներից 8-ը գրքեր են եղել, որոնք ես սիրել եմ, քանի որ դրանք տպավորել են ու հուզել, ոգեշնչել ինձ:

– Ովքե՞ր են քո ընթերցողները՝ հայե՞ր, օտարերկրացինե՞ր:

– Amazon-ը տարբեր երկրներում տարբեր հարթակներում է տեղադրում գրքերը, այն հնարավորություն է տալիս տեսնել, թե ովքեր են գնորդները, և արձագանքներից  հասկանում ես, թե նրանք ովքեր են: Զարմանալիորեն, ամերիկացիներից հետո, որոնք ամենամեծ շուկան են գիտաֆանտաստիկ և սատիրիկ գրականության և այն մինի ժանրերի, որոնց մեջ փորձում եմ իմ պատմությունները կառուցել, երկրորդը դանիացիներն են: Իմ որոշ գրքեր բավական երկար ժամանակ համարյա բեսթսելլերի կարգավիճակ են ունեցել:

Քեզ արդյո՞ք չի անհանգստացնում այն փաստը, որ Հայաստանում քո մասին չգիտեն, դու դուրս ես հայաստանյան գրական միջավայրից:

– Ոչ: Գրողների միության անդամների միակ ցանկությունը պետպատվերն է, բայց, եղբա՛յր, քո գրքի ֆինանսավորողը քո ընթերցողը պետք է լինի: Դու պետք է այնպիսի գիրք գրես, որը մարդն ուզում է կարդալ:  Եթե ինքը լավ ապրանք է առաջարկում, ապա իր ընթերցողին կգտնի, որը կփոխհատուցի այն ծախսերը, որն արել է այդ գրքի տպագրության համար:

Բայց դա ռիսկ է պարունակում, գուցե գիրքը չվաճառվի:

– Իսկ ինչի՞ մեջ ռիսկ չկա: Գիրք գրելը փախուստ է աշխատանքային դժվարություններից, այլ հանգամանքներից, բայց եթե մենք մեր ստեղծագործություններն առաջարկում ենք հասարակությանը, պետք է առաջարկենք մի բան, որը հասարակությանը հետաքրքիր է: Եթե դա պարզապես պետպատվեր է, դու շահագրգիռ չես՝ ստեղծել ավելի լավ բան: Տպագրության գումար չունես, էլեկտրոնային ռեսուրսով գիրքդ առաջարկիր մարդկանց: Ինձ վրա գրքերիս տպագրությունը ոչինչ չի արժենում:

Խնդիրը նաև լեզուն չէ՞: Չէ՞ որ դու ստեղծագործում ես անգլերենով, մեր գրողները՝ հայերենով:

– Փորձիր գտնել քո ոճը, ընթերցողներին, որոնք հայազգի են ու գուցե քիչ չեն: Գոնե մի 500 մարդու կկարողանաս հետաքրքրել: Եթե քո գիրքը կհետաքրքրի մարդկանց, վերցրու այդ գումարն ու տպագրիր գիրքդ:

Քննադատություններին ինչպե՞ս ես վերաբերվում:

– Շատ հետաքրքիր է, երբ քո ստեղծագործությունը ներկայացնում ես անծանոթներին։ Նորմալ է, երբ քո ստեղծագործությունը կարող է դուր չգալ մարդկանց: Ամենավատ բանն այն է, երբ քեզ կարող են անտեսել: Մարդ էակի համար ամենացավալի բանն անտեսված լինելն է, ատելությունը ևս վերաբերմունք է, ջանք է ենթադրում: Ինձ համար ամենավատ բանը, որ կարող է տեղի ունենալ որևէ գրքիս հետ, եթե դրանք ոչ ոք չկարդա։ Լավագույն բանը, որ կարող ես անել պատմություն պատմելու ցանկության հետ, գրել լավագույն պատմությունն ինքդ քեզ համար և հուսալ, որ բավական քանակությամբ նման մտածողությամբ մարդիկ կան, որ նման կերպ այդ պատմությունը կընկալեն:

Հետևո՞ւմ ես ժամանակակից հայ գրականությանը, ի՞նչ խնդիրներ ես տեսնում։

– Կարծում եմ՝ խնդիրներից մեկը հետադիմականությունն է, որը վերաբերում է Գրողների միության շրջանակներում ստեղծվող ռեմիքսներին, իսկ ինչ վերաբերում է երիտասարդներին, կարծում եմ՝ կան մեծ թվով երիտասարդներ, որոնք հետաքրքիր գործեր են ստեղծում: Խնդիր կա սեփական ձայնը գտնելու, այսինքն՝ իրենք մերժում են հինը, բայց ոճը, ձայնը գտնելու խնդիր կա: Պետք է գտնել ժամանակակից հայ գրականության մեջ քո սեփական ձայնը: Որովհետև ոչ մի երկու մարդ չկա, որը նույն կենսափորձն է ունեցել:  Եթե ուզում ես անհատականություն լինել, պետք է անկեղծ լինես ու ստեղծես այն, ինչ ինքդ կուզեիր կարդալ, դրանից հետո գտնես մարդկանց, որոնց քո գրականությունը հետաքրքիր է: Այն, ինչ ստեղծում ես, ինքնին իմաստ է պարունակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս