Մանվել Եղիազարյանն իր ձայնը կտա Սասուն Միքայելյանին. «Սասունն ինձ համար հայրենիք է, ես էլ իր համար եմ հայրենիք»

«Համախմբում» կուսակցության անդամ, «Արաբո» ջակատի հրամանատար Մանվել Եղիազարյանը պատրաստվում է իր ձայնը տալ «Ելք» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանին։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Ելքի» համաժողովին մասնակցող Մ.Եղիազարյանը։

«Չի բացառվում՝ այն տեղամասում, որտեղ դրել է Սասուն Միքայելյանը, գնամ պաշտպանեմ իրեն ռեյտինգայինով, իսկ ամբողջ հանրապետւթյունում պաշտպանեմ իմ կուսակցությունը։ Սասուն Միքայելյանի հետ, գիտեք, մենք միասին մահվան ճանապարհ ենք անցել։ Դրա համար նա ինձ համար ամեն ինչից թանկ է, Սասունն ինձ համար հայրենիք է, ես էլ իր համար եմ հայրենիք»,- ասաց Մ.Եղիազարյանը։

Նա նշեց, որ «Ելքի» համաժողովին ներկա էր հենց Սասուն Միքայելյանի հրավերով. «Մենք մարտական շատ մտերիմ ընկերներ ենք, հրավիրել է, մերժելու առիթ չկար, և հետո էլ գանք-տեսնենք՝ էս մարդիկ ի՞նչ մարտավարություն ունեն, ինչպե՞ս են պայքարելու, ինչքա՞ն ոգևորված են, ինչքա՞ն հաստատակամ են։ Նորմալ տպավորություն ստացա, տեսնենք՝ ինչ դուրս կգա»։

Ըստ Եղիազարյանի՝ «Համախմբումը» միշտ հայտնել է իր տեսակետը, և չի բացառում, որ ընդդիմադիր բոլոր ուժերի հետ համագործակցի. «Միայն թե այս վիճակից դուրս գանք, չորս կողմը կեղտ է։ Ինչքա՞ն կարող ենք այսպես ապրել, կեղտ է և՛ հասարակության մեջ, և՛ իշխանությունների մեջ, և՛ բարոյահոգեբանության մեջ։ Մենք չգիտենք՝ ինչ ենք ուզում, կարծես թե ուզում ենք լավ ապրել, բայց ո՞նց։ Կարելի է շատ գեղեցիկ խոսել, շատ մարդիկ են գեղեցիկ խոսում, պետք է գեղեցիկ կատարել»։

Կարդացեք նաև

Դիտարկմանը, որ «Ելքը» բացառում է Օսկանյան-Օհանյան դաշինքի հետ որևէ համագործակցություն, ինչպե՞ս է «Համախմբումը» պատկերացնում համագործակցությունը, արդյո՞ք քննարկվել է այդ հարցը, Մ.Եղիազարյանը պատասխանեց, որ ինքն անձամբ մասնակից չի եղել նման որևէ քննարկման. «Եթե իրենց ձևաչափի մեջ չի տեղավորվում, իհարկե, խնդիր չկա, բայց ես չգիտեմ, ես տեղեկացված չեմ»։

Եղիազարյանը դեռևս տեղյակ չէ՝ արդյոք ինքն անձամբ ռեյտինգայինով առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ. «Ամեն ինչ կախված է ցուցակներից, թե ինչ թիմով ենք գնալու ընտրությունների»։

Տեսանյութեր

Լրահոս