Հայաստանի Հանրային խորհուրդը Լապշինի հարցով դիմել է Բելառուսի նախագահին

Բլոգեր, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի արտահանձման վերաբերյալ Հայաստանի Հանրային խորհուրդը դիմել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Այս մասին հունվարի 21-ին լրագրողներին հայտնեց Հանրային խորհրդի ներկայացուցիչ Անի Գասպարյանը:

«Նամակում շեշտել ենք, որ Լապշինի ձերբակալությունը գլոբալ առումով մարդու իրավունքների, ազատ խոսքի, տեղաշարժի կոպտագույն խախտում է: Ընդգծել ենք, որ ղարաբաղյան հիմնախնդիրը միայն Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը չէ.  դա տարածաշրջանի անվտանգության հարց է»,- նշեց Գասպարյանը:

Նրա խոսքով` իրենք առանձնացրել են այն 600-ից ավելի անձանց, որոնք հայտնվել են Բաքվի սև ցուցակում՝ այդ թվում նաև 5 բելառուսցիներ, և համոզմունք հայտնել, որ Լուկաշենկոն ողջախոհություն կդրսևորի և արտահանձման որոշում չի կայացնի:

Անի Գասպարյանն ասաց, որ Հանրային խորհուրդը հունվարի 17-ին լայն քննարկումներ է իրականացրել: «Բլոգեր Տիգրան Քոչարյանը, որը մտերիմ է Լապշինի հետ, ասաց, որ բանտում Լապշինի նկատմամբ ճնշումներ են գործադրում՝ ստիպելով նրան ներողություն խնդրել Ադրբեջանից,  որպեսզի արտահանձնումից հետո տեղափոխվի Իսրայել, սակայն Լապշինը չի վստահում Ադրբեջանին և մերժում է»,- ընդգծեց Հանրային խորհրդի ներկայացուցիչը:

Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջել է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց:

Տեսանյութեր

Լրահոս