«Շատ կարևորում եմ այն, որ համագումարին հնչած 7 խորհուրդները միս ու արյուն ստանան». Վիգեն Սարգսյան

Երևանում անցկացվեց ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքը: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մոտ 300 անդամների մասնակցությամբ հավաքն անցկացվեց մի քանի փուլով և ինտերակտիվ ձևաչափով: Երիտասարդների համար օրը հագեցած էր հանդիպումներով, քննարկումներով, հարց ու պատասխանով: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ Աժ պատգամավոր Կարեն Ավագյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այդ ամենի առանցքում շեշտադրվում են ՀՀԿ 16-րդ համագումարում ՀՀ նախագահի՝ երիտասարդ քաղաքական գործիչներին ուղղված 7 խորհուրդներն ու դրանց կենսագործման ուղիները:

Առաջին փուլում՝ «Խոսք ու զրույց» ֆորմատով հանդիպման ընթացքում, երիտասարդներին իրենց պատմությունները ներկայացրեցին տարբեր ոլորտներում նշանակալի հաջողություններ գրանցած գործիչները:

«Իրենց պատմություններն են ներկայացնում գիտնականներ, ովքեր հաջողություններ են գրանցել, ստեղծագործողներ, մշակույթի, արվեստի գործիչներ, զինվորականներ և այլք: Երիտասարդներին ներկայացնում ենք այն բոլոր հնարավորություններն ու հաջողակ պատմությունները, որոնք առկա են, սակայն մենք նրանց մասին շատ չենք խոսում: Լրահոսում հաճախ հանդիպում ենք բացասական շեշտադրումներով հրապարակումներ, իսկ երիտասարդներից շատերը կարծում են, որ այդ շեշտադրումներից բացի այլ դրսևորումներ չկան, այնինչ, հաջողված պատմությունները շատ են»,-  ասաց Կարեն Ավագյանը:

«Խոսք և զրույց» ձևաչափով հանդիպմանն իրենց պատմությունները ներկայացրեցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, PicsArt ընկերության համահիմնադիր Արտավազդ Մեհրաբյանը,«Пиар Содом» գրքի հեղինակ Նարեկ Մալյանը, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը, գործարար, թրեյներ Վահրամ Միրաքյանը, ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայրենադարձ Ջորջ Տաբակյանը:

Հաջորդ փուլում կայացավ ոլորտային սեկցիոն քննարկումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի, ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, Աժ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանի, ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի, ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀԿ գաղափարական հանձնաժողովի նախագահ Մուշեղ Լալայանի հետ:

Երիտասարդ հանրապետականներն ավագ գործընկերների հետ քննարկեցին տնտեսության, արդարադատության, անվտանգության, ֆինանսների, ինչպես նաև ներքաղաքական և միջազգային օրակարգի հիմնախնդիրները և դրանց լուծումները: Այդ փուլում շեշտադրվեցին ՀՀԿ 16-րդ համագումարում ՀՀ նախագահի` երիտասարդ քաղաքական գործիչներին ուղղված 7 խորհուրդները:  Դրանք են` ձեր առաջին հոգսը թող լինի մեր երկրի անվտանգությունը, ձեր ջանքերն ուղղեք մեր ազատ ու ինքնիշխան երկրում օրինականության և արդարության ամրապնդմանը, հաջորդը` խաղաղությունը սահմանին անխախտ է, երբ խաղաղ է սահմանից ներս, ձեր ջանքն ուղ ղեք մեր ստեղծագործ ժողովրդի համար նոր հնարավորություններ փնտրելուն, ձեր ջանքը թող լինի հայաստանցու բարեկեցության, աշխատանքի ու ապահովության, ձեռներեցության ու նորարարության առաջընթացի ապահովումը,  ձեր ջանքն ուղղեք մեր փառապանծ ժողովրդի անցյալն ու ապագան կամրջելուն, ձեր յոթերորդ ջանքն ուղղեք վերաիմաստավորելու ձեզ բաժին հասած ժամանակն ու դրա առաջադրած խնդիրները:

Երիտասարդների հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, կարևորելով այս ձևաչափով հանդիպումը, նշեց, որ լավ կլինի այսպիսի հանդիպումները պարբերական բնույթ կրեն:

«Ես անձամբ պատրաստ եմ ձեր կառույցների առաջարկությամբ ավելի լայն հանդիպումներ անցկացնել մարզերում և Երևանում, որովհետև իրականում, մենք որպես կուսակցություն պետք է շատ հստակ ամրագրենք այն մոտեցումները, սկզբունքային դիրքորոշումները, որ ունենք: Դա անելու լավագույն ձևերից մեկը շփումներ են: Շատ կարևորում եմ այն, որ համագումարին հնչած 7 խորհուրդները միս ու արյուն ստանան»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Աժ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը լրագրողների նշեց, որ բավական արդյունավետ քննարկում անցավ, բազմաթիվ հարցեր հնչեցին` կապված իրավական ոլորտի հետ:

«Հարց հնչեց այն մասին, թե ինչ անել, որ երկրում արդարություն լինի: Հարցի պատասխանը շատ պարզ էր, յուրաքանչյուրը պետք է սկսի իրենից: Ես իմ ելույթում շեշտադրում արեցի մարդկային մտածողության, բարոյական արժեքների, արդարամտության վրա: Եթե այս ամբողջը չկա, ապա որքան էլ կատարյալ օրենք ունենաս, միշտ լինելու է վատ իրավիճակ»,-ասաց Հրայր Թովմասյան:

Ի տարբերություն մյուս բանախոսների, ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանն իր հանդիպմանը երիտասարդների հետ այլ մոտեցում կիրառեց: Ինչպես ինքը բնորոշեց, դիմեց փոքր խորամանկության և սկզբից ինքը սկսեց հարցեր ուղղել երիտասարդներին:

«Ամենահետաքրքրիր քննարկումը գնաց հետևյալի շուրջ, թե ինչ առաքելություն ունի հայը Հայաստանում: Սահմանից ներս խաղաղություն ունենալու համար մենք կարևորեցինք երկու բան, դա, իհարկե, իրական ժողովրդավարությունն է, երկրորդը` առանցքային արժեհամակարգ ունենալը»,-ասաց Արմեն Աշոտյանը:

Պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո երիտասարդները լրագրողներին իրենց գոհունակությունը հայտնեցին և նշեցին, որ արդյունավետ քննարկումներ անցկացվեցին: Իր տպավորությունները ներկայացրեց ՀՀԿ երիտասարական կազմակերպության անդամ Հայկ Մամիջանյանը:

«Մեր կազմակերպության երիտասարդները Արմեն Աշոտյանի հետ շփման մեծ փորձ ունեն, հետևաբար հանդիպումն անցկացվեց  ջերմ մթնոլորտում: Մենք քննարկեցինք առաջիկա ընտրություններին կուսակցության քարոզչական շեշտադրումները: Հարցադրումներ եղան կուսակցական աշխատանքների մասին»,-ասաց Հայկ Մամիջանյանը: Նրա խոսքով` կուսակցության երիտասարդները պետք է  կուսակցության քաղաքական մեսիջների մասին իմանան առաջին դեմքերից:

ՀՀԿ ակտիվ երիտասարդներից Աննա Օհանյանը մասնակցել էր Հրայր Թովմասյանի հետ հանդիպմանը: Նա նշեց, որ խոսել են իրավական ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին:

« Հրայր Թովմասյանը թե՛ պրակտիկ, թե՛ տեսական ուղղությամբ արդյունավետ զրույց անցկացրեց: Խոսեցինք նոր Սահմանադրությամբ տրվող հնարավորությունների մասին, թե որքանով է այն նպաստում դատական համակարգի արդյունավետության բարձրացմանը: Քննարկեցինք, թե այդ գործում ինչ անելիքներ ունի հասարակությունը, մասնավորապես, երիտասարդությունը»,-ասաց Աննա Օհանյանը:

Բոլոր յոթ սեկցիոն քննարկումները ամփոփվեցին` ՀՀ նախագահին ներկայացնելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս