«Ափսոս, ինքն իր խելքը ծառայեցրել է Ռոբերտ Քոչարյանին և այդ պատճառով էլ կրակն է ընկել». «Ելքը» բացառում է Օսկանյան-Օհանյան դաշինքի հետ համագործակցությունը
«Այդ դաշինքի մասով, իրենց մոտեցումների ու ծրագրերի առումով որևէ հստակություն չկա։ Դաշինքում ներառված ուժերը՝ Արամ Գասպարի Սարգսյանը, չի կարող ստորագրել մի փաստաթղթի տակ, որտեղ գրված է, որ՝ ուզում ենք կառուցել եվրոպական մոդելի պետություն, որովհետև իր մոտեցումները գաղափարական առումով բացարձակ այլ դաշտում են և այլ խնդիր են լուծում։ Մնացած 2 կուսակցությունները լրիվ նոր են, և ինձ համար հասկանալի չեն իրենց մոտեցումները»,- այսօր «Ելք» դաշինքի համաժողովից հետո հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, «Ելքի» անդամ Արամ Զ.Սարգսյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ է բացառում համագործակցությունն Օսկանյան-Օհանյան դաշինքի հետ, եթե նրանց նպատակը, ինչպես և «Ելքինը», իշխանափոխությունն է։
Նա նշեց, որ ճանաչում է Վարդան Օսկանյանին և Սեյրան Օհանյանին, շատ հարգում է Օհանյան զինվորին, ով Արցախյան պատերազմում վիրավորվելուց 1 ամիս անց նորից վերադառնում է դիրքեր, լավ ճանաչում է Օհանյան մարդուն, ով Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո հարազատի նման է վերաբերվել Սարգսյանների ծնողներին ու ընտանիքին, բայց բացարձակապես չի ճանաչում Սեյրան Օհանյան քաղաքական գործչին։
Ա.Սարգսյանի կարծիքով՝ Օհանյանի դրած սկիզբը քաղաքականությունում, այն շրջանակը, ում հետ նա փորձում է համագործակցել, շատ ծանր է, և դրանով հաջողության հասնելը գրեթե անհնար է։
Ա.Սարգսյանը նշեց, որ ճանաչում է նաև Վարդան Օսկանյանին, իր վարչապետության ժամանակ 6 ամիս միասին աշխատել են, և նրան համարում է շատ խելացի մարդ. «Ափսոս, ինքն իր խելքը ծառայեցրել է Ռոբերտ Քոչարյանին և այդ պատճառով էլ կրակն է ընկել»։
Մանրամասները՝ տեսանյութում: