«Մենք բոլորս սխալվել ենք, երբ մտածել ենք, որ բանանի մենաշնորհը Միհրան Պողոսյանինն է». Նիկոլ Փաշինյան

«Հպարտ եմ մեզանով, որ մենք կարողացանք, ի հեճուկս բոլոր տարաձայնությունների, բոլոր բարդությունների և կանխատեսումների՝ այսօր կանգնել իրար կողքի՝ հանուն Հայաստանի Հանրապետության»,- այսօր «Ելք» դաշինքի համաժողովի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության և «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ժողովուրդն առաջիկա խորհրդարանական ընտրություններում հաղթելու իրական հնարավորություն ունի.

«Մենք Հայաստանում 100 հազարավոր համախոհներ ունենք: Համախոհներ ունենք Երևանի, Վանաձորի, Գյումրիի, Կապանի, Հրազդանի ամեն շենքում, ամեն փողոցում, ամեն թաղում։  Մենք համախոհներ ունենք ՀՀ ցանկացած բնակավայրում, ամենահեռավոր գյուղերում։ Եկել է ժամանակը փակելու կոռումպացված Հայաստանի էջը և բացելու լուսավոր Հայաստանի էջը։ Եկել է ժամանակը փակելու խնամի-ծանոթ- բարեկամով Հայաստանի էջը, և բացելու քաղաքացիական Հայաստանի էջը։ Եկել է ժամանակը փակելու խմբապետական Հայաստանի էջը և բացելու Հայաստանի Հանրապետության էջ, որտեղ ամեն ոք իրեն լիարժեք քաղաքացի և բաժնետեր է զգում իր հայրենիքի»։

Ն. Փաշինյանը նշեց, որ ՀՀ նոր կառավարությունը 5.5 ամիս ասել է, որ կոտրելու է բանանի մենաշնորհը, ու չի կարողանում.

«Հիմա հասկանում եմ՝ մենք բոլորս սխալվել ենք, երբ մտածել ենք, որ բանանի մենաշնորհը Միհրան Պողոսյանինն է, որովհետև Միհրան Պողոսյանը վաղուց պաշտոնյա չէ։ Մենք ընդհանրապես սխալվում ենք՝ մտածելով, որ Հայաստանում նույն Սամվել Ալեքսանյանը, էն մեկը, էն մյուսը մենաշնորհ ունի… Հայաստանում ամեն ինչի մենաշնորհը մի մարդունն է, դա Սերժ Սարգսյանն է։ Կարեն Կարապետյանը 5.5 ամսում չի կարողանում կոտրել բանանի մենաշնորհը. «Ելք» դաշինքը  դա կարող է անել ընդամենը 47 րոպեում, և մենք երաշխավորում ենք դա»։

Ն. Փաշինյանի խոսքով՝ իրենց պատկերացրած պետությունն այն է, որն արթնանում է ոչ թե 8։30-9:00-ին, այլ առավոտյան ժամը 6-ին, որտեղ  իրենց վարորդների նման կոկիկ և մաքուր  ավտոբուսները, տրոլեյբուսները, մետրոպոլիտենի շարասյուները հարյուր-հազարավոր աշխատողների տանում են իրենց աշխատանքի վայրերը, որտեղ նրանք արտադրանք են ստեղծում, և ոչ թե՝ թուրքական ապրանքների սպառմամբ ու իրացմամբ են զբաղված։

«Չեմ հավատում այն իշխանության էլիտային, որը խոսում է Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծում բերելու մասին և ամեն տարի 100 հազարներով դատարկում է  Հայաստանը՝ մարդկանց ստիպելով հեռանալ Հայաստանից։ Չեմ հավատում փոխզիջումների մասին այն խոսակցություններին, որոնք հաշվի չեն  առնում մի բան՝ Ադրբեջանը 7 միլիարդի զենք է առել, որ փոխզիջմա՞ն գնա։ Իհա՛րկե ոչ։ Մենք պետք է ստեղծենք այնպիսի երկիր, հանրություն, որը պատրաստ է պաշտպանել ինքն իրեն, որ այն պահին, երբ Հյուսիսում, Հարավում, Արևելքում կամ Արևմուտքում Խրիմյան Հայրիկի ժամանակների նման՝ մեկի մտքով կանցնի ասել, որ Հայաստան պետությունն այլևս չպետք է գոյություն ունենա, մենք պետք է ի վիճակի լինենք պաշտպանել մեր երկիրը, հայրենիքը և ասել, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է հավիտյան լինի»,- հայտարարեց Ն. Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս