«Վանաձորը՝ ձեզ օրինակ, ՀՀԿ-ին դարձրել ենք չամչի գրավ Վանաձորում». Էդմոն Մարուքյան
«Քանի օր է՝ լրագրողներն անընդհատ զանգահարում են ու հարցնում՝ դուք կմիանա՞ք այսինչին կամ այնինչին, ես ձեզ ասում եմ, որ «Ելք» դաշինքը չի ստեղծվել այսինչին կամ այնինչին միանալու համար»,- այսօր ընդդիմադիր «Ելք» դաշինքի համաժողովի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ իրենց դաշինքը ստեղծվել է միավորելու, ներառական պրոցեսներ ստեղծելու, ընտրությունների միջոցով փոփոխություններ բերելու ու հաղթանակ արձանագրելու համար։
«Այս օրերին Հայաստանում տարբեր քաղաքական գործիչներ աշխարհացունց ելույթներ են ունենում տարբեր թեմաներով, ես ուշադիր հետևում եմ, ժողովրդավարության մասին չեմ նկատում, որ մարդիկ խոսեն, կամ իրավունքի գերակայության մասին, ազատության մասին, բայց դա է հիմքն այն հասարակության, որտեղ մարդը բարձրագույն արժեք է, որտեղ մեկ մարդուց չէ կախված ամեն բան, այլ ինստիտուտներն ու համակարգերն են լուծում գտնում։ Մենք միավորվել ենք, որ յուրաքանչյուր իրավիճակից գտնենք ելք։ Մեր ծրագիրը երկար քննարկումների փուլ է անցել։ Հայաստանը դարձել է դիսկոմֆորտների երկիր, որտեղ ամեն բան արվում է, որ քաղաքացին իրեն դիսկոմֆորտ զգա, որտեղ ամեն բան արվում է, որ քաղաքացուն հարստահարեն, թալանեն, տուգանեն, օր ու արև չտան, մենք դրանից ելք ենք առաջարկում»,- հայտարարեց Է. Մարուքյանը։
Նրա դիտարկմամբ՝ համաշխարհային կյանքում փոփոխություններ են տեղի ունենում, և Հայաստանը չի կարող անմասն մնալ փոփոխություններից։ Ըստ նրա՝ փոփոխությունները գալիս են Հայաստան՝ «Ելք» դաշինքի միջոցով, և ովքեր ուզում են այդ փոփոխությունների հետ քայլել ու անել դրանք, դա կարող են անել «Ելքի» հետ։
Է. Մարուքյանը նշեց, որ պետք է խաղաղ, անցնցում իշխանափոխություն տեղի ունենա Հայաստանում. «Հայաստանում հստակ քարոզչություն է գնում, որ անհնար է ընտրությունների միջոցով բան փոխել։ Մենք ասում ենք, որ հնարավոր է ընտրությունների միջոցով բան փոխել, ուզո՞ւմ եք օրինակ, Վանաձորը՝ ձեզ օրինակ, ՀՀԿ-ին դարձրել ենք չամչի գրավ Վանաձորում»։