«Եթե կարդաք իրենց եզրակացությունները, ձեզ կթվա, որ պարոն Շիրխանյանը կատարյալ առողջական վիճակում է, նույնիսկ կարող է ֆուտբոլ խաղալ Հայաստանի հավաքականի հետ». Հայկ Ալումյան

Արդեն 3-րդ դատական նիստն է, որը հետաձգվում է այն պատճառով, որ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, 2015թ. Նորք-Մարաշում վնասազերծված խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանին չեն ցանկանում պատգարակով կամ սայլակով դատական նիստերի դահլիճ ներկայացնել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

«Ճիշտ է՝ իրենք փորձում են սլաքը մեր դեմ ուղղել, ուզում են ցույց տալ, որ պարոն Շիրխանյանը չի ցանկանում դատարան ներկայանալ, բայց իրականությունը կայանում է նրանում, որ, հավանաբար, նրանք չեն ուզում, որ պարոն Շիրխանյանը գա դատարան, որովհետև շատ լավ տեղյակ լինելով, որ պարոն Շիրխանյանն ի վիճակի չէ ինքնուրույն տեղաշարժվել, շատ լավ իմանալով նրա առողջական վիճակը, իրենք չեն ցանկանում օգնել այդ մարդուն, որ նա հասնի դատական նիստերի դահլիճ։ Իսկ օգնելն այսպես է՝ իրեն կա՛մ պատգարակով, կա՛մ սայլակով պետք է բերեն, նա այլևս պարզապես չի կարողանում քայլել։ Նա, իր տարիքի համեմատ լինելով նախանձելի առողջական վիճակում, կալանավորվեց 2015թ. դեկտեմբերի 19-ին և այդ օրվանից մինչ այսօր հաշմանդամ է դարձել»,- ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ իրավունք չունեն լռել պարոն Շիրխանյանի վիճակի մասին: «Եթե մենք լռենք, նրան այնտեղ ուղղակի աստիճանաբար սպանելու են։ Սա այն հարցն է, որի մասին լռել չի կարելի»,- ասաց նա։

«Բոլորն նրանք, ովքեր հրահանգներ են տալիս, թե ում կալանավորել, իսկ ում բաց թողնել, բոլոր նրանք, ովքեր կայացնում են կալանավորման որոշումները (ես միտումնավոր տարբերում եմ հրահանգ տվողներին և կալանավորողներին), բոլոր նրանք, ովքեր քրեակատարողական հիմնարկում այս անտանելի պայմաններն են ստեղծում, թող չկարծեն, թե միշտ լինելու են հրահանգ տվողների, կալանավորողների և կալանքի տակ պահողների կարգավիճակում։ Մի օր իրենք կարող է հայտնվեն կալանավորվածի կարգավիճակում, որի հավանականությունը բավական բարձր է, որովհետև ոչ ոք չի կարող երաշխավորել, թե վաղն ինչ կարող է կատարվել իր հետ այս երկրում։ Եվ հետո, երբ կդիմեն մեզ իրավաբանական օգնության համար, թող հիշեն՝ ինչ էին անում այսօր, երբ այս կարգավիճակում էին»,- ասաց Հայկ Ալումյանը։

Նա հիշեցրեց, որ Վահան Շիրխանյանը ցանկություն էր հայտնել հանդիպել լրագրողներին և հայտնել իր տեսակետը, թե ինչու են իրեն այս վիճակում պահում, սակայն տեսակցությունը չէր թույլատրվել՝ պատճառաբանությամբ, որ Վահան Շիրխանյանն այդ ամիս արդեն երկու անգամ տեսակցություն է ունեցել։ Հաջորդ ամիս, ըստ Հայկ Ալումյանի, դատարանն առհասարակ արգելեց Վահան Շիրխանյանի տեսակցությունները։ Ըստ փաստաբանի՝ որպեսզի ոչ ոք չհասկանա, որ այդ ամենն արվում է, որ լրագրողների հետ չկարողանա հանդիպել, արգելանք դրվեց նաև մյուս ամբաստանյալների տեսակցությունների վրա ևս։

Հայկ Ալումյանի խոսքով՝ Վահան Շիրխանյանին ցուցաբերված բուժօգնության վերաբերյալ արդեն հատորներ են կազմվել. «Եթե կարդաք իրենց եզրակացությունները, օրինակ՝ քրեակատարողական հիմնարկի բուժծառայության աշխատակիցը տեղեկացնում է դատարանին կամ ինձ է ինչ-որ պատասխաններ գրում, ձեզ կթվա, որ պարոն Շիրխանյանը կատարյալ առողջական վիճակում է, նույնիսկ կարող է ֆուտբոլ խաղալ Հայաստանի հավաքականի հետ, բայց եթե մի կողմ թողնենք իրենց թղթերը, իրականությունը մեր աչքի առաջ է, և մենք տենում ենք, որ նա գնալով ավելի ու ավելի վատանում է»։ Փաստաբանն ասաց, որ Արդարադատության նախարարությանն առընթեր հասարակական դիտորդական խումբը դեկտեմբերի ավարտին փաստաթուղթ է ներկայացրել, որտեղ գրված է, որ իրենց մտահոգում է հատկապես այն, որ, թեև բժշկական փաստաթղթերից հետևում է, որ նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, սակայն ակներևաբար նրա վիճակը գնալով վատանում է։

Միևնույն ժամանակ Հայկ Ալումյանն ասաց, որ Վահան Շիրխանյանի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի որոշման մեջ կա եզրահանգում, որ Վահան Շիրխանյանի նկատմամբ խախտվել է առողջության պահպանման իրավունքը։

Տեսանյութեր

Լրահոս