«Անհրաժեշտ կոնսենսուսի առկայության դեպքում պատրաստվում ենք անվերապահորեն համագործակցել մի շարք ուժերի և անհատների հետ». Սասուն Միքայելյան

«Մեզ մոտ տեղի է ունենում մի գործընթաց, որը կարող է վերածվել ազգային աղետի,  հանրությանը սպառնում է լիակատար իրավազրկում, իսկ իշխանությանը սպառնում է վերածվել պետության»,- այսօր ընդդիմադիր «Ելք» դաշինքի անդրանիկ համաժողովի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, «Ելք» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը։

Նրա խոսքով՝ տեղի է ունենում ազգային հարստության գերկենտրոնացում՝ մարդկանց փոքր խմբերի կողմից ամրագրված օրենսդրությամբ։

«Մենք կորցնելու հայրենիք չունենք, կորցնելու ժամանակ՝ նույնպես, անհրաժեշտ կոնսենսուսի առկայության դեպքում պատրաստվում ենք անվերապահորեն համագործակցել մի շարք ուժերի և անհատների հետ։ Հայաստանը բոլորիս երկիրն է, ու «Ելք» դաշինքը հայ ժողովրդի, երկրի պետականության և ապագայի նկատմամբ պարտքի և, պատասխանատվությունից ելնելով, միավորելով դաշնակից կուսակցությունների աջակից ուժերին, անհատների ամբողջ քաղաքական, մտավոր, կազակերպչական և նյութական ներուժը, ՀՀ-ի  քաղաքացիների գերակշիռ մասի աջակացության ակնկալիքով, գիտակցելով պահի քաղաքական և պատմական կարևորությունը, ընդունելով առկա բոլոր մարտահրավերները՝ մտնում է 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ  ընտրությունների ընտրապայքարի մեջ՝ համոզմունքով, որ ներկա իրավիճակից «Ելքը» կարող է ելք գտնել»,- հայտարարեց Ս. Միքայելյանը։

Նշենք, որ համաժողովին ներկա են նաև երաժիշտ Արթուր Իսպիրյանը և դերասան Հայկ Մարությանը, որը հայտարարել է, որ ընտրությունների ժամանակ դիտորդ է լինելու և վերահսկելու է ընտրությունները։

Տեսանյութեր

Լրահոս