Վթար Բագրատունյաց պողոտայում. ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
Հունվարի 21-ին, ժամը 06.19-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում՝ «Լճափ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 35 FՕ 021 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ.) վրաերթի է ենթարկել ավտոտեխսպասարկման կետի աշխատակցին և բախվել կայանված «Mercedes C» մակնիշի 35 ST 210 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ՝ Ս. Բ.):
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ավտոտեխսպասարկման կետի աշխատակից 1987 թ. ծնված Հ. Ա.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Փրկարարները դադարեցրել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը և հոսանքազրկել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան: