«Մեր բոլոր հնարավորություններն օգտագործելու ենք, որ ապագա ԱԺ-ում լինենք մեծամասնություն». ՀՀԿ-ական պատգամավոր

ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի խոսքով՝ ՀՀԿ-ն նորմալ է վերաբերվում տարբեր տեսակի դաշինքներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ առաջիկայում պարզ կդառնա՝ մրցակցությունն ընդդիմադիր ուժերի մեջ է լինելու, թե Հանրապետականի ու ընդդիմադիրների միջև.

«Մեր հնարավորություններն այնքան են, որ մենք այդ ամենից դուրս ենք մեզ տեսնում, և մեր բոլոր հնարավորություններն օգտագործելու ենք, որ ապագա ԱԺ-ում լինենք մեծամասնություն»:

Պատգամավորի խոսքով՝ եթե մինչև հիմա խոսակցություններ կային, թե ՀՀԿ-ն է որոշում՝ ովքեր են մասնակցելու ընտրություններին, ապա հիմա նման խոսակցություն լինել չի կարող:

Դիտարկմանը՝ ինչո՞ւ չի կարող, գուցե նորից ՀՀԿ-ն է որոշում, նա այսպես արձագանքեց.

«Ես ասում եմ այն, ինչ ասում եմ, հիմա թե դուք ոնց կմտածեք, ձեր գործն է»:
Ասուլիսի մյուս բանախոս՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը ՀՀԿ-ական պատգամավորի խոսքերին այսպես արձագանքեց.

«Պետք է հիասթափեցնեմ մեր գործընկերոջը, քանի որ «ԵԼՔ» դաշինքն ու քաղաքական դաշտում առկա մի շարք ընդդիմադիր կուսակցություններ, այո, հիասթափեցնելու են գործող իշխանությանը: Մենք արդեն ձեռնոց ենք նետել գործող իշխանությանը և ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը ձեզ սպասվում է անակնկալ, գուցե նաև՝ հիասթափություն, որովհետև այն սպասելիքները, որոնց մասին խոսում եք, չեն իրականանալու»:

Ի պատասխան՝ Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ անակնկալ կլինի, բայց ոչ հիասթափություն.

«ՀՀԿ-ում հիասթափություն չի լինի, այլ ուժերի մոտ կլինի»:
Իսկ Սուրեն Պապիկյանը հավելեց. «Ինչքան ուզել՝ այնքան խփելու իրենց ցանկությունն այս անգամ չի իրականանալու, որովհետև հայ ժողովուրդն արդեն գիտի՝ որն է ճիշտ ուղին ու այդ ելքը մենք առաջարկում ենք»:

Տեսանյութեր

Լրահոս