Կրեմլում անհետացել է Թրամփի վերաբերյալ էյֆորիան. Bloomberg
Կրեմլում սկսել է նվազել էյֆորիան՝ կապված Դոնալդ Թրամփի՝ նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Դրան եկել է փոխարինել սկեպտիցիզմը՝ կապված այն բանի հետ, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում կարող է ինչ-որ առաջընթաց գրանցվել, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով 4 բարձրաստիճան ռուս պաշտոնյաների։
Կրեմլում անհանգստություն են հարուցում Թրամփի հակասական հայտարարությունները։ Դեկտեմբերին նա հայտարարել էր, թե ԱՄՆ-ին անհրաժեշտ է ավելացնել միջուկային պոտենցյալը, իսկ անցած շաբաթ էլ հարցազրուցում կարծիք էր հայտնել, թե Ռուսաստանի միջուկային զինանոցը կարիք է զգում «զգալի կրճատումների»։
Bloomberg-ի աղբյուրները նշել են, թե չեն գնահատի Թրամփի հայտարարությունները, որոնք արվել են երդմնակալության արարողությունից առաջ։
Ընդ որում՝ Bloomberg-ը նշում է, որ պաշտոնյաները կարող են դիտավորյալ խոսել Կրեմլում Թրամփից ունեցած սպասելիքների նվազման մասին, քանի որ ՌԴ իշխանությունները կասկածվում են կիբերհարձակումների կազմակերպման մեջ, որոնք ուղղված էին ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակին։
Գործակալության տեղեկություններով՝ Ռուսաստանի պետական հեռուստատեսությունը փոխել է Թրամփի մասին նյութերի մատուցումը։ Ներկայումս սյուժեներում ավելացնում են, թե պետք չէ ակնկալել պատրանքներ ԱՄՆ նոր նախագահի առնչությամբ և հուսալ, որ հարաբերությունները արագ կկարգավորվեն։