«Ընդդիմադիր դաշինքների միջև բանակցությունները եզրափակիչ փուլում են». Ռազմիկ Պետրոսյան

168.am-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» նախաձեռնող խմբի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, «Ազատամարտիկների դաշինքն» արդեն հստակեցրե՞լ է՝ որ ընդդիմադիր դաշինքին կամ ուժին է աջակցելու առաջիկա ընտրություններում։

-Մենք նպատակ ենք դրել մեր առաջ, որ կարողանանք ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերին, ովքեր իսկապես նպատակ ունեն երկիրը հանել այս վիճակից, օգնել, աջակցել, միջնորդել, կապ հաստատել մեկը մյուսի հետ, որ միավորվեն, ընդհանուր ճակատով պայքարեն, մենք էդ հարցում անելիքներ ունենք։ Եթե կձևավորվի, կսատարենք, կօգնենք, կաջակցենք, որպեսզի վերջնականապես այս երկրում իշխանափոխություն տեղի ունենա, իսկ եթե պետք է այդ կառույցը չձևավորվի, մենք այդտեղ անելիք չունենք, մենք քաղաքական ուժ չենք, որ մեր շուրջ հավաքենք, մեր խնդիրն ընդամենը դա է, բայց ոնց որ ստացվում է, մենք էլ ենք ներագրավված այդ ամբողջ բանակցային պրոցեսներին, օգնում ենք այդ քաղաքական ուժերին, որպեսզի կարողանան իրար հետ լեզու գտնել։

– Բայց մենք տեսնում ենք, որ տարբեր ընդդիմադիր դաշինքներ են ստեղծվում, այդ միասնական ուժ ստեղծելը որքանո՞վ է իրատեսական։

– Հիմա մենք այդպես էլ պատկերացնում էինք, որովհետև որպեսզի տարբեր մեծ ու փոքր կուսակցություններ առանձին-առանձին չգան, մենք խնդիր էինք դրել, որ ընդհանրություններ ունեցող կուսակցությունները դաշինքներ ստեղծեն, ու այդ դաշինքներն արդեն իրար հետ ընդհանուր միավորման ձևաչափ գտնեին՝ միասնական ճակատ ձևավորեին, հենց այդպես էլ պետք է լիներ։ Հիմա էլ ձևավորվել են փոքր դաշինքներ, եթե իրականում իրենց նպատակը ոչ թե պառլամենտում ներկայացուցչություն ունենալն է, այլ հաղթանակն է, ինձ թվում է՝ իրենք կմիավորվեն միասնական իշխանափոխություն իրականացնելու շուրջ։ Կլինի իշխանական թև և ոչ իշխանական թև, ժողովուրդը ո՞ր թևին կվստահի, այդ թևն էլ կգնա, թե չէ մանր-մունր կուսակցություններով կամ դաշինքներով երկրում իշխանափոխություն հնարավոր չէ անել։

– Դուք տեղեկություն ունե՞ք, որ այդ դաշինքների միջև բանակցություններ են ընթանում։

– Այո։ Հենց երկրորդ քայլը, որ մենք պետք է կարողանանք ևս անել, որ այդ ձևավորված դաշինքների մեջ ևս հանդիպումներ լինեն։ Եթե իրենք ազնիվ են իրենց նպատակների մեջ, ուրեմն այդ հարցում լուծումներ կլինեն։ Հաջորդ քայլը դա է լինելու, կմիավորվեն այդ փոքր դաշինքները, կկազմեն ընդհանուր միասնական թիմ, մի բևեռ կձևավորվի, որով հեշտ կլինի վերջնական հաղթանակի հասնելը։ Այն ուժերն էլ, ովքեր չեն միանա, Աստված իրենց հետ։

– Նկատի ունեմ՝ այս պահի դրությամբ բանակցություններ, քննարկումներ կա՞ն այդ դաշինքների միջև։

– Իհա՛րկե կան, բոլոր քաղաքական ուժերն էլ արդեն հասկացել են, որ առանձին խնդիր չի լուծվելու։ Բոլորն էլ համաձայն են, որ այսօր ընդդիմադիր դաշտում պետք է իրար դեմ պայքար չտանեն։ Տեսնում ենք հաճախ, որ իշխանությանը՝ որպես թիրախ, մոռացած՝ թիրախավորում են մեկը մյուսին։ Հիմա մենք կարողացել ենք հասնել նրան, որ իրենք իրենց դեմ չպայքարեն։

– Այսինքն՝ հիմա «Ազատամարտիկների դաշինքի» նպատա՞կն է՝ համախմբել ընդդիմադիր դաշինքներին։

– Այո, որ օգնենք այն ուժերին, որոնք սկզբունքային տարբերություններ ունեն, նույնիսկ մենք միջնորդավորված բանակցություններ տանենք։ Առաջիկա օրերի ընթացքում արդեն այդ արդյունքը կերևա, որովհետև մենք այդ բանակցությունների եզրափակիչ փուլում ենք։

Տեսանյութեր

Լրահոս