«Ժառանգությունը» պատրաստ է ընտրություններին մասնակցել Ծառուկյան, Օհանյան, Օսկանյան դաշինքով. «Ազատություն»
Եթե ձևավորվի Գագիկ Ծառուկյան, Սեյրան Օհանյան, Վարդան Օսկանյան և Րաֆֆի Հովհաննիսյան դաշինք, ապա այդ միավորումը իրական իշխանափոխության հայտ կներկայացնի, այսօր «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նշենք, որ «Ժառանգությունը» խորհրդարանական ընտրություններին լայն դաշինքով մասնակցելու նպատակով բանակցություններ է վարում քաղաքական ուժերի հետ, ու չնայած նման քննարկումներ ընթանում էին նաև Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի հետ, «Ժառանգությունն» այդպես էլ չհայտնվեց «Համախմբում», «Երրորդ Հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցություն դաշինքում: Պատճառը լայն կոնսոլիդացիայի բացակայությունն էր, բայց ինչպես այսօր մեզ հետ զրույցում նշեց Արմեն Մարտիրոսյանը՝ ընտրություններին լայն դաշինքով մասնակցելու շուրջ աշխատանքները դեռևս շարունակվում են: Ստորև ներկայացնում ենք հատված Արմեն Մարտիրոսյանի հետ հարցազրույցից,
– Պարոն Մարտիրոսյան, ջանքեր գործադրում եք, դաշինքը ստեղծվում է, բայց Դուք չկաք դրանում: Սա ի՞նչ է նշանակում:
– Եթե նկատի ունեք, որ հնարավոր է, որ պարոն Օսկանյանը մեր այլ գործընկերների հետ՝ երեքով, իշխանափոխության պրոցես կարող են իրականացնել,ասենք՝ պատկերացրեք «Ժառանգությունն» էլ այդտեղ է, կարո՞ղ է դա իշխանափոխության պրոցեսի բերել՝ իհարկե, ոչ: «Ժառանգությունը» մասնակցելու է այն բանաձևին, որը իշխանափոխության, փոփոխությունների, գոնե պայքարելու նվազագույն շեմ կապահովի:
– Եթե երեքը, չորսը լայն չէ և իշխանափոխության չեք կարող հասնել, այսինքն՝ Հանրապետականին լուրջ մրցակից չեք կարող դառնալ, այդ դեպքում ո՞րն է, Ձեր պատկերացմամբ, լայն դաշինքը:
– Ավելի լայնը: Խոսքը այն մասին է, որ դա դառնա ուժային կենտրոն:
– Եթե Գագիկ Ծառուկյան դաշինքը միավորվի Սեյրան Օհանյան, Վարդան Օսկանյան միավորման հետ, այդ դեպքում ռեալ հնարավորություն կստեղծվի՞ Հանրապետականին պարտության մատնել:
– Ես կարծում եմ՝ այո:
– Եվ Դուք նաև կլինեք այդ մեծ դաշինքում:
– Եթե լինի Գագիկ Ծառուկյան, Սեյրան Օհանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան դաշինք, ես կարծում եմ իշխանափոխության գործընթացը շատ ակնհայտ կլինի:
– Դուք տեսնո՞ւմ եք նման միավորման հնարավորություն:
– Մենք հուսով ենք, որ նմանատիպ իրավիճակ կստեղծվի և «Ժառանգությունը» պայքարում է, որպեսզի այդ լայն դաշինքը լինի: