Ովքեր ճանաչում են լուսանկարում պատկերված անձին, խնդրում ենք հայտնել. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում`պարզելու սուպերմարկետի պահարանից գողություն կատարած անձի ինքնությունը։
Երևանի բնակչուհուց ստացված հաղորդման համաձայն՝ 2016թ.դեկտեմբերի 26-ին գնումներ կատարելու նպատակով գնացել է Երևան քաղաքի սուպերմարկետներից մեկը, իսկ մինչ այդ շուկայից կատարած գնումներով տոպրակները թողել խանութի պահարանում։ Ավարտելով գնումները՝ քաղաքացին բանալիով բացել է պահարանը՝ ցանկանալով վերցնել տոպրակները և նկատել, որ դրանցից մեկը բացակայում է։
Նախաքննության ընթացքում ստացվել են սուպերմարկետում տեղակայված տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության։ Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է մի կին, մտնելով սուպերմարկետ, բացում է այն պահարանի դուռը, որտեղ դրված են եղել հաղորդում ներկայացրած անձի կատարած գնումները, վերցնում տոպրակներից մեկը և հեռանում։
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված սպիտակ գլխարկով կնոջը հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են լուսանկարում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: