«Ես կմեռնեի, իրանք կսեին` պետական մուծում էրա»

asparez.am. Տիկին Արմիկը մուտքի փայտյա դուռը ներսից շորերով փակել է, համարյա` փաթաթել, մի կերպ փակել անցքերն ու փորձել պաշտպանվել ձմռան ցրտից ու քամուց: Նախկինում ավտոտնակ, այսօր արդեն բնակելի տնակ. Մուսայելյանի 113/067 հասցեում 56-ամյա կինն ապրում է արդեն 13 տարի:

88-ի երկրաշարժի հետեւանքով Լենինականում տիկին Արմիկի ընտանիքը եւս բնակարան է կորցրել, տարիներ անց բնակարանի փոխարեն ընտանիքը պետությունից ստացել է բնակարանի գնման վկայական. ընտանիքը մեծ է եղել, տիկին Արմիկին բնակարան չի հասել: Համակերպվել է եւ կյանքը շարունակել տնակային պայմաններում:

Տիկին Արմիկն այսօր ոչ միայն գործազուրկ է, այլեւ ընտանեկան նպաստ ու թոշակ չի ստանում: Նրա խոսքով` միակ ու եզակի եկամուտը Ռուսաստանում բնակվող քրոջ ուղարկած գումարն է: «Մենակ Ռուսաստանի քույրս է օգնում, ամիսը 1000-2000 ռուբլի է ուղարկում, գոնե ուտելու փող ունեմ: Միայն լույս եմ վճարում, ամսական 2000-3000 դրամ կմուծեմ, վախենալով կվառեմ լույսը, փող չկա, ոչ նպաստառու եմ, ոչ թոշակառու եմ, էս վերջերս եմ գնացել աշխատանքի հայտարարությամբ, ասում են` 40-45 տարեկան կուզենք, ես 57 կդառնամ արդեն, էլ ինձ ով կընդունի աշխատանքի»,-դժգոհելով պատմում է նա:

Տնակի գույքի մեծ մասը, կնոջ խոսքով, ՌԴ-ում բնակվող քրոջ սեփականությունն է. տիկին Արմիկին ձմռան վառելիքով օգնել է «Շիրակ» կենտրոնը. կինը փայտի մի մասը դասավորել է վառարանի շուրջբոլորը: «Լավ է, էս էլ Թումասյանն է տվել, բերել-դրել եմ ստեղ, թե չէ վառելու բան որտեղի՞ց ինձ»,-ասում ու հարցնում է նա:

Տիկին Արմիկի ուզածը իր իսկ խոսքով` թոշակավորվելն է, կենսաթոշակ ստանալը: Թվարկում է առողջական խնդիրներն ու շտապում պայուսակից հանել դեղորայքը, ապա ընթերցում դեղերի անուններն ու հիշում, որ հարեւան դեղատանը պարտքեր ունի: Պարտքը քիչ-քիչ փակում է, երբ արտերկրից քույրը գումար է ուղարկում: «Ես թոշակի ենթակա հիվանդ եմ, ասում են` պետք է պառկես հիվանդանոց, որ «էպիկրիսը» հանես, հիվանդանոց պառկելու համար էլ 160 հազար դրամ պետական մուծում է պետք, երբ որ իմ անկետայով ես ինքնըստինքյան թոշակառու եմ»,-ասում ու դժգոհում է: Տիկին Արմիկը թոշակի հարցով դեռեւս չի դիմել պատասխանատու կառույցների, ասում է` պատասխաններն արդեն գիտե` մերժելու են կամ առաջարկելու են հիվանդանոցային վճարները մուծել:

Կինը հիշում է, որ վերջերս վատառողջ վիճակում հայտնվել է հիվանդանոցում, իսկ հիվանդանոցում նրան հիշեցրել են պետական մուծումների մասին:

«Շտապօգնության մեքենայով տարան, մեծ ինֆարկտի կհասնեի, ես կմեռնեի, իրանք կսեին` պետական մուծում էրա»,-հիշելով անցած օրերը` շարունակում է տիկին Արմիկն ու ասւում, որ հաճախ է շտապօգնություն կանչում, բուժօգնության մեքենայի հայտնվելը հարեւանների համար սովորական է դարձել:

Անի Մկրտչյան

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս