Միքայել Մինասյանն իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի նախագահին

Պորտուգալիայում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը (նստավայրը՝ Վատիկան) հունվարի 16-ին համատեղության կարգով իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզային: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնությա ն հետ կապի վարչությունից:

Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում դեսպան Մինասյանը Պորտուգալիայի նախագահին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարեմաղթանքները։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Պորտուգալիայի միջև առկա ջերմ պատմական կապերին, ինչպես նաև հարուստ մշակութային ժառանգությանը։ ՀՀ դեսպանը կարևորել է երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացումը՝ ընդգծելով դրանք որակական նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։

Պորտուգալիա այցի շրջանակներում ՀՀ դեսպանը հանդիպել է նաև Պորտուգալիայի ԱԳՆ Գլխավոր քարտուղար Անա Մարթինյուին և Պորտուգալիայի ԱԳՆ՝ Եվրոպական քաղաքական հարցերով տնօրինության ղեկավար Անտոնիո Սաբիդո Կոստային: Հանդիպումներին քննարկվել են քաղաքական և մշակութային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի համատեքստում ընդգծվել է տարբեր մակարդակներում փոխայցելությունների կազմակերպման կարևորությունը։

Առևտուր և ներդրում կառավարական գործակալության (AICEP) ղեկավարության հետ ունեցած հանդիպման ընթացքում դեսպան Մինասյանը քննարկել է հայ-պորտուգալական տնտեսական կապերի խթանմանն ուղղված հարցեր։

Պորտուգալիա այցի շրջանակներում ՀՀ դեսպանը հանդիպել է նաև Լիսաբոնի Պատրիարք Կարդինալ Մանուել Ժոզե Մակարիո դո Նասիմիենտո Կլեմենտեին, այցելել «Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ», որտեղ հանդիպում է ունեցել հիմնադրամի տնօրեն Արթուր Սանտոս Սիլվայի և Հայկական բաժնի տնօրեն Ռազմիկ Փանոսյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս