ԵԱՀԿ-ն քննադատել է ԱՄՆ ընտրական համակարգը
ԵԱՀԿ-ն ԱՄՆ-ի ընտրական համակարգը համարում է չափազանց ապաինտեգրված և բազմաթիվ կետերով միջազգային չափանիշներին չհամապատասխանող, հայտնում է Deutsche Welle-ն։
Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների հարցերով բյուրոյի տնօրեն Միխայել Լինկը գերմանական Funke մեդիախմբին տված հարցազրույցում։
Մասնավորապես, ԱՄՆ յուրաքանչյուր նահանգում գործում են տարբեր ընտրական օրենսդրություն և նոր տեխնոլոգիաների կիրառման տարբեր պրակտիկա, բազմաթիվ նահանգներում նախկին բանտարկյալներև և դեռևս իրենց պատիժը կրողները զրկված են ընտրական իրավունքից։
Մասնավորապես, ԵԱՀԿ դիտորդների թիմի կողմից ընտրությունների արդյունքներով պատրաստված զեկույցում խոսվում է նախընտրական քարոզարշավի ֆինանսական համակարգը առավել թափանցիկ դարձնելու անհրաժեշտության մասին։
Բացի այդ՝ նշվում է, որ էլեկտրոնային համակարգի ընտրությունների ժամանակ օգտագործվել են մեծ քանակությամբ հնացած համակարգիչներ, որոնք չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։
Միխայել Լինկը նաև քննադատել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նա «գիտակցաբար ու բազմիցս հատել է ատելության հռետորաբանության սահմանները»։
«Այն, որ նա դրանով կարողացել է հաջողության հասնել, ստեղծում է վտանգավոր նախադեպ։ Միջազգային հանրությունն ակնկալում է, որ ԱՄՆ-ն լավ օրինակ կծառայի այդ ոլորտում»,- ասել է նա։