Լիտվան ցանկապատ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին
Լիտվան պլանավորում է 2 մետրանոց ցանկապատ կառուցել ՌԴ-ի Կալինինգրադի մարզի հետ սահմանի երկայնքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Reuters գործակալության ռուսական ծառայությունը, հայտնել է Լիտվայի ներքին գործերի նախարար Էյմուտիս Միսյունասը։
Ցանկապատը կառուցվելու է Մոսկվայի և Բալթյան երկրների միջև պահպանվող լարվածության ֆոնին։
Էյմուտիս Միսյունասը խոստովանել է, որ նման կառույցը հուսալի պաշտպանություն չի լինի լայնամասշտաբ հարձակողական գործողության ժամանակ, սակայն հավելել է, որ նման քայլը արտահայտում է լիտվացիների անհանգստությունը՝ կապված Ռուսաստանի աճող ագրեսիվության հետ։
«Գնահատելով աշխարհաքաղաքական սպառնալիքները, ռուսական աշխարհաքաղաքական վտանգները՝ լիտվացի քաղաքական գործիչները ցանկություն են հայտնել ֆիզիկական պատնեշ ունենալ այնպիսի երկրի հետ, ինչպիսին Ռուսաստանն է»,- ասել է Միսյունասը Reuters-ին:
«Նման արգելապատնեշը չի կասեցնի տանկերի կամ այլ ռազմական տեխնիկայի, սակայն կդժվարացնի սահմանի հատումը»,- ասել է նախարարը։
Ցանկապատի կառուցումը կարժենա 3.6 միլիոն եվրո, այն կկառուցվի 2017 թվականին ու կունենա շուրջ 50 կիլոմետր երկարություն՝ բացի լճերի, գետերի և ճահիճների կողմից արդեն փակ հատվածներից: