Ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման անհաջող փորձից հետո թիրախավորել է Չինարիի խաղաղ բնակչությանը. ՀՀ ՄԻՊ
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Չինարի համայնքի հատվածում Ադրբեջանի կողմից իրականացրած դիվերսիոն ներթափանցման փորձից անմիջապես հետո փաստահավաք աշխատանքներ է սկսել այդ և հետագա օրերին մարդու իրավունքների խախտումները վեր հանելու համար: Հունվարի 18ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ամփոփեց փաստահավաք աշխատանքների արդյունքները:
«Ադրբեջանի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձից անմիջապես հետո մեր Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչը իմ հանձնարարությամբ անմիջապես մեկնել է Տավուշի մարզ` տեղում փաստահավաք աշխատանքներ սկսելու համար:
Ես զրուցել եմ Չինարի համայնքի ղեկավարի հետ, մեր աշխատակիցները զրուցել են
գյուղացիների հետ, փաստահավաք աշխատանքի ընթացքում մանրամասն ուսումնասիրել ենք իրավիճակը»` նշեց Թաթոյանը: Դիվերսիոն հարձակման արդյունքում զոհվել է 3 հայ զինծառայող, և դա այն իրավիճակում, երբ, ՄԻՊի գնահատմամբ, նրանք հակառակորդի համար որևէ վտանգ այդ պահին չեն ներկայացրել:
Օմբուդսմենի գրասենյակը հետևողական է եղել նաև դիվերսիոն ներթափանցման փորձին հաջորդող օրերին` գիտակցելով, որ հակառակորդը կարող է նոր սադրիչ գործողությունների դիմել սահմանի այդ հատվածում:
«Հունվարի 3-ին, ժամը 17:00-19:00ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը գնդակոծության տակ էր պահում Չինարի գյուղը, բնակիչները ստիպված էին թաքնվել ապաստարաններում: Եվ այստեղ ցանկանում եմ հատուկ ընդգծել այն հանգամանքը, որ գյուղի մոտակայքում որևէ զորամաս, ռազմական օբյեկտ չկա, ինչը նշանակում է, որ ադրբեջանական զինուժը թիրախավորել էր խաղաղ բնակչությանը», մանրամասնեց Արման Թաթոյանը:
Օմբուդսմենը նշեց, որ հունվարի 3ին ադրբեջանցիները հիմնականում թիրախավորել են գյուղի մանկապարտեզն ու դպրոցը: «Հունվարի 8-ի գիշերը ևս ադրբեջանական կողմը Չինարին գնդակոծության է ենթարկել: Ընդ որում, քաղաքացիական բնակչությանը վնասելու ամենահեշտ տարբերակը գիշերը գնդակոծելն է, քանի որ մարդիկ հիմնականում քնած են լինում և չեն կարող հարկ եղած դեպքում թաքնվել կամ պաշտպանվել գնդակոծությունից», նշեց Արման Թաթոյանը: