Վրաստանի նախագահին դուր չի գալիս «Գազպրոմի» հետ կնքված նոր պայմանագիրը
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին բացասաբար է գնահատել նոր պայմանագիրը, որը իր երկիրը կնքել է «Գազպրոմի» հետ և որը ենթադրում է դրամական փոխհատուցում ռուսական գազի Հայաստան տարանցման դիմաց, գրում է «Վզգլյադը»։
Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Էկա Միշվելաձեն այսօր լրագրողներին ասել է, թե կապված այդ պայմանագրի հետ՝ «տուժում են երկրի քաղաքական ու տնտեսական շահերը, վատթարանում է իրավիճակը էներգետիկ ոլորտում»։
Նա հնչեցրել է Մարգվելաշվիլիի դիրքորոշումը, որը կարծում է, թե նոր պայմանագիրը կարող է «մեծ ռիսկերի հանգեցնել»։
«Նախագահը կոչ է անում խորհրդարանին ուժեղացնել վերահսկողությունը («Գազպրոմի» հետ պայմանագրի նկատմամբ) և մշակել ռիսկերի նվազեցման պլան»,- հայտարարել է Միշվելաձեն։
Նշվում է, որ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հրաժարվում է գնալ խորհրդարան ու հանդիպել ընդդիմության հետ, որը «Գազպրոմի» հետ պայմանագիրը անվանում է «դավաճանություն» և «կապիտուլյացիա»։
Ավելի վաղ Վրաստանը ստանում էր Հայաստան ռուսական գազի տարանցման ծավալի 10 տոկոսը։