«Հայաստանյան նախընտրական զարգացումներում Մոսկվայի համար ամենահետաքրքիր ֆիգուրը Կարեն Կարապետյանն է». Վադիմ Դուբնով
«Ծառուկյանի վերադարձի որոշումն իշխանական նախընտրական կոմբինացիայի բաղադրիչ է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս քաղաքական վերլուծաբան, սյունակագիր Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին։
Մասնավորապես խոսելով այսօր ԲՀԿ նախկին նախագահ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հայտարարության մասին՝ Վադիմ Դուբնովն ասաց, թե չի կարծում, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ոգևորված է Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու որոշմամբ։ Սակայն, ըստ նրա, սա որոշակի կոմբինացիայի բաղադրիչ է, որին Սարգսյանը ստիպված է եղել համաձայնել և որին ստիպված է մասնակցել, քանի որ հայաստանյան քաղաքական դաշտում որոշակի նոր, բավականին ուժեղ ֆիգուրներ են ի հայտ եկել՝ ի դեմս վարչապետ Կարեն Կարապետյանի, ով ցանկության դեպքում կարող է փոխել ուժերի ողջ դասավորությունը, և ի դեմս լիբերալ թևում ի հայտ եկած նոր ուժերի։
«Եվ այս ամենի հետ՝ Ծառուկյանի վերադարձը բավականին արտահայտիչ ու սկզբունքային է։ Ուստի կարծում եմ, որ ներուժ Ծառուկյանն ունի, հարցը պարզապես այն է, թե ընտրազանգվածի որ հատվածներից նա կկարողանա մասնաբաժին քաղել։ Կարծում եմ, որ կարող է աշխատել՝ չնայած իր ապաքաղաքական և ապագաղափարական կերպարին, կարող է փորձել աշխատել տարբեր շերտերի վրա։ Ես չէի գերագնահատի Ծառուկյանի անցյալի ընդդիմադիր գործունեությունը, քանի որ, երբ մենք խոսում ենք ընդդիմադիր դիրքորոշման մասին, ապա նկատի ենք ունենում որոշակի գաղափարական պայքար։ Իսկ երբ մենք Ծառուկյանի ընդդիմադիրության մասին ենք խոսում, նկատի ունենք իշխանության թևերի մրցակցություն, որն այսօր մրցակցություն է, վաղը՝ համագործակցություն, վաղը չէ մյուս օրը մենք կհիշենք այն պիտակավորումները, որոնք ուներ Ծառուկյանը, իսկ մյուս օրը նա հաղթականորեն կվերադառնա։ Ուստի կարծում եմ, որ նրա դեպքում ընդդիմադիր գործիչ անվանելը ոչ այնքան տեղին որակում կլինի անցյալի և ապագայի համար»,- նման տեսակետ հայտնեց ռուս վերլուծաբանը։
Անդրադառնալով Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան համախմբմանը, Դուբնովն ասաց, որ այդ դաշինքը որոշակի ընտրազանգված կարող է ունենալ, բայց սպառնալիք չի դառնա իշխանության համար։ «Ես դեռ խորապես չեմ հետևել այդ գործիչների գործունեությանը»,- տեղեկացրեց նա։
Ռուս քաղաքական վերլուծաբանը չի կարծում, որ Մոսկվան խորասուզված է Հայաստանի նախընտրական գործընթացներում։ «Ըստ իս՝ Մոսկվայի համար ամենահետաքրքիր ֆիգուրը Կարեն Կարապետյանն է, քանի որ նա հետաքրքիր է այստեղ բոլոր առումներով՝ և որպես անձ, և որպես Հայաստանի զարգացման նոր ուղղությունն ուրվագծող գործիչ, և որպես Հայաստանի հետ համագործակցության նոր տարբերակ ներկայացնող գործիչ, կարծում եմ, որ այդ հետաքրքրվածությունը հիմնավոր է։ Իհարկե, Մոսկվային նաև հետաքրքիր կլինի նրա մասնակցությունն ընտրություններին, և դա կլինի ամենամեծ ինտրիգը»,- ընդգծեց Դուբնովը։
Նրա որակմամբ՝ մյուս բոլոր հարցերն այդքան էլ կարևոր չեն Մոսկվայի համար, քանի որ Մոսկվան երկարաժամկետ հույսեր չի կապելու որևէ ուժի հետ։ «Հետաքրքիր է լինելու հետևել զարգացումներին Ծառուկյանի և Սարգսյանի միջև, Սարգսյանի և մնացած մասնակիցների միջև։ Կարծում եմ, սրանից ելնելով՝ Մոսկվան իրավիճակային է գործելու՝ առանց երկարաժամկետ խաղադրույքների և հույսերի»,- ասաց Դուբնովը։
Հարցին, թե Մոսկվան Կարապետյանին դիտարկում է Սերժ Սարգսյանի թիմից առանձի՞ն, Դուբնովը պատասխանեց. «Կարծում եմ, որ Կարապետյանը մի փոքր ավելի վեր է կանգնած հայաստանյան քաղաքական կյանքում և Մոսկվայի համար։ Իր այդ դիրքը հիմնավոր է»։