Վրացական ՀԿ-ները պահանջում են հրապարակել Հայաստան գազի տարանցման վճարման վերաբերյալ ռուս-վրացական համաձայնագրի մանրամասները
Վրաստանի 80 ոչ կառավարական կազմակերպություններ են ուղերձով դիմել Վրաստանի կառավարությանը, որտեղ պահանջում են հրապարակել պայմանագրի մանրամասները, որոնք ձևակերպվել են ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ Հայաստան գազի տարանցման վճարման վերաբերյալ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
«Վրաստանի և Ռուսաստանի միջև նման կարգի պայմանագրի հարցը չի կարող դիտարկվել միայն կոմերցիայի շրջանակում, քանի որ Ռուսաստանն օկուպացրել է մեր երկիրը»,- հայտարարել է Տնտեսական քաղաքականության հետազոտության կենտրոնի գործադիր տնօրեն Նինո Եվգենիձեն «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հետ զրույցում։
Քաղաքացիական ոլորտի ներկայացուցիչները Վրաստանի կառավարությանն ուղղված իրենց ուղերձում մատնանշում են այն ռիսկերը, որոնց կարող է հանգեցնել ռուսական ընկերության հետ պայմանագրի պայմանների փոփոխությունը։
«Անհասկանալի է, երբ մեզ ասում են, թե այդ պայմանագիրը կոմերցիոն գաղտնիք է։ Ու դա այն ժամանակ, երբ Ռուսաստանն օկուպանտ է։ Դա կապիտուլյացիայի մասին համաձայնագիր է, որը վնաս է հասցնում Վրաստանին»,- հայտարարել է Արևելյան գործընկերության քաղաքացիական-հասարակական ֆորումի նախագահ Լաշա Տուգուշին։
Հիշեցնենք, որ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել էր, որ վրացական կողմն ու «Գազպրոմ-էքսպորտը» կազմել են նոր համաձայնագիր, որի համաձայն՝ Վրաստանը կստանա դրամական փոխհատուցում ռուսական գազի Հայաստան տարանցման դիմաց։
Ավելի վաղ «Գազպրոմ-էքսպորտը» հայտարարել էր, թե Վրաստանին փաթեթային առաջարկ է արել՝ կապված Հայաստան գազամատակարարումների հետ։
Վրաստանի ընդդիմությունը «Գազպրոմի» հետ պայմանագիրը անվանել էր «դավաճանություն» և «կապիտուլյացիա»։