Թուրքիայում Կարո Փայլանին սպառնում են զրկել պատգամավորական մանդատից ու քաղաքացիությունից
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանի դեմ Թուրքիայի Էդիրնե նահանգի Արդարադատության պալատ բողոք է ներկայացվել, որտեղ վերջինիս պահանջում են զրկել պատգամավորական մանդատից ու քաղաքացիությունից։
Պահանջի նախաձեռնողը թուրքական «Մեծ միություն» կուսակցության Էդիրնեի մասնաճյուղի ղեկավար Արիֆ Քյոռօղլուն է, որը Փայլանին մեղադրում է Թուրքիայում չարություն ու ատելություն տարածելու մեջ։ Այս մասին հայտնում է թուրքական «Բեյազ» պարբերականը։
«Մարդը, որը փորձում է մեծ ազգի կողմից չիրականացված դեպքերը ներկայացնել որպես իրականություն, կզրկվի ոչ միայն պատգամավորական մանդատից, այլև քաղաքացիությունից»,- հայտարարել է Արիֆ Քյոռօղլուն։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Թուրքիայի խորհրդարանում Սահմանադրական բարեփոխումների քննարկման ժամանակ Փայլանը հարց էր բարձրացրել Հայոց ցեղասպանության մասին։ Այդ հայտարարության համար որոշում էր կայացվել նրան պատժել` հեռացնելով երեք նիստից:
Փայլանը մասնավորապես հայտարարել է, որ 1913-1923 թվականներին երկրում գրանցում ունեցող հայերը, ասորիները, հույներն ու հրեաները «մեծ կոտորածների և ցեղասպանության հետևանքով այս հողերից կամ աքսորվել են կամ տանջանքների են ենթարկվել։ Ժամանակին մենք 40 տոկոսն էինք բնակչության, այսօր 1000-ի մեջ մեկն ենք:
Մեր գլխին մի բան եկել է, և ես դրան ցեղասպանություն եմ ասում, ինչ էլ որ դուք այն անվանեք: Հայ ժողովուրդը շատ լավ գիտի, թե իր գլխին ինչ է եկել: Հայրիկիս, պապիս գլխին թե ինչ է եկել, շատ լավ գիտեմ: Եկեք դուք այն անվանեք, միասին առերեսվենք»:
Դադարից հետո իշխող կուսակցության, ինչպես նաև ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավորները դատապարտել են Փայլանի խոսքերը: Փայլանի խոսքերը հանվել են նիստի արձանագրություններից: