
«Նոր կառավարությունը՝ ի դեմս վարչապետի, բավականին վճռական է տրամադրված»

Հայաստանի Հանրապետության գիտական պոտենցիալն ի զորու է լուծել շատ բարդ խնդիրներ ինչպես պաշտպանական, այնպես էլ տնտեսական հարցերի հետ կապված: Այս մասին կոմիտեի 2016 թվականի գործունեությանը նվիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նա նշեց, որ տնտեսությունն ուղղակի պետք է համապատասխան պատվերներ ունենա:
«Այս ուղղությամբ նոր կառավարությունը՝ ի դեմս վարչապետի, բավականին վճռական է տրամադրված, և հույս ունեմ, որ առաջիկայում մեր մշակումների մի մասը, որոնք այսօր ուղղակի պահեստավորված վիճակում են, հետագայում կունենան լուրջ կիրառություններ»,-ասաց նա:
Անդրադառնալով ռազմարդյունաբերության ոլորտում ֆինանսավորվող ծրագրերին՝ Հարությունյանը նշեց, որ դրանք հիմնականում միտված են զինվորների կենցաղային պայմանների բարելավմանը, և ինժեներատեխնիկական, ռազմատեխնիկական բազմաթիվ խնդիրների լուծմանը: «Հայ գիտնականը կարող է լուծել ցանկացած բարդ խնդիր, եթե ուղղված պատվերներ լինեն. դա բազմիցս ապացուցվել է»,-ասաց Հարությունյանը:
2016 թվականին պետական բյուջեից գիտության ոլորտին ֆինանսավորման ծավալը կազմել է 14.2 միլիարդ դրամ: