
Աշխատանքային ստաժի տեղեկանքի համար այլևս քաղաքացին ստիպված չի լինի հասնել Ազգային արխիվ

Հայաստանի կենսաթոշակային տարիքի հասնող քաղաքացիներն աշխատած տարիների և ստացած աշխատավարձի մասին տեղեկանք ստանալու համար այսուհետև ստիպված չեն լինի դիմել Ազգային արխիվ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշեց, որ հեշտացվում է քաղաքացիներին տեղեկանք տալու գործընթացը:
«Աշխատանք է տարվում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ նոր գործիքակազմ ներդնելու ուղղությամբ: Այդ ուղղությամբ արդեն որոշ քայլեր կատարվել են, մեկ, երկու շաբաթից քաղաքացիները կարող են լիարժեք օգտվել այդ գործիքակազմից»,-ասաց Ամատունի Վիրաբյանը: Մասնավորապես, քաղաքացին, ում կենսաթոշակային տարիքը մոտենում է, և իրեն անհրաժեշտ է տեղեկանք իր աշխատանքային տարիների մասին, ապա պարզապես դիմում է կենսաթոշակային մարմնին: Վերջինս, Ազգային արխիվի հետ համագործակցությամբ, կստանա այդ անհրաժեշտ տեղեկանքը:
«Դա բավական հեշտացնում է քաղաքացիների գործը, ստիպված չեն լինի գալ Ազգային արխիվ ժամերով հերթ կանգնել: Սա կարևոր քայլ է»,-հավելեց Ամատունի Վիրաբյանը: