Հայ զինվորականները զորավարժությունների են մասնակցում Վրաստանում
Հայաստանի զինված ուժերի զինծառայողներն ու վրացի զինծառայողները մասնակցում են 25-օրյա զորավարժությունների, որոնք մեկնարկել են Սաչխերի (Իմերեթի շրջան) լեռնային ուսուցման դպրոցում, հայտնել են Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Զորավարժություններին հայ զինվորականների մասնակցության մասին որոշումը կայացվել էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ դեկտեմբերին Թբիլիսի կատարած այցի ընթացքում։
Բացի հայ և վրացի զինծառայողներից՝ զորավարժություններին մասնակցում են զինծառայողներ Լիտվայից և Ֆրանսիայից՝ ընդամենը 14 մարդ, հայտնում է Sputnik գործակալությունը։
Ձմեռային զորավարժությունները բաղկացած են 2 փուլից։ Նախ՝ զինվորականները կբարելավեն լեռնային ռելիեֆի պայմաններում հրաձգություն վարելու եղանակը Օրֆոլո զորավարժարանում, իսկ երկրորդ փուլը նախատեսում է զինվորականների ուղևորություն լեռնադահուկային Գուդաուրի հանգստավայր, որտեղ պետք է մասնակցեն դահուկավազքի, ապաստարանի կառուցման, կատարեն ձնահյուսքի պայմաններում անհետ կորած մարդկանց որոնողական, ապա՝ տարհանման աշխատանքներ։
Կուրսի ավարտին զինվորականները կստանան սերտիֆիկատներ և կրծքանշաններ։
Սաչխերի ռազմական ուսուցման դպրոցը հիմնադրվել Է 2004-ին ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի որոշմամբ։