Թրամփը պետք է բարձր գնահատի հայերին
«Թրամփի համար չենք քվեարկել, բայց հուսով ենք, որ մեր նոր նախագահը կբերի միասնություն»,- Վահե Հովհաննիսյանն Ամերիկայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների նման Միացյալ Նահանգների նոր նախագահ Դոնալդ Թրամփին չափավոր լավատեսությամբ է նայում: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Վահեի կինը՝ Մարգարիտա Սարինգուլյանը նշում է, որ ԱՄՆ-ի նոր նախագահի քաղաքականությունն առայժմ անորոշ է, սակայն հավատում, որ արդյունքում ամեն ինչ լավ է լինելու.
«Մի քիչ վախ կա, թե ինչ է մեզ ակնկալում, բայց մենք լինենք պոզիտիվ եւ նայենք դեպի ապագան»:
Ջորջ Վաշինգտոնի Համալսարանի Իրավաբանության դպրոցի փոխդեկան Սյուզան Քարամանյանն էլ համոզված է, որ հաշվի առնելով Դոնալդ Թրամփի ներքին խառնվածքը, ԱՄՆ-ի 45-րդ նախագահն անպայման բարձր կգնահատի հայերին.
«Կարծում եմ, նոր նախագահը բարձր է գնահատում ձեռնարկատիրությունը, բարձր է գնահատում կրեատիվ, նախաձեռնող մարդկանց, մարդկանց, ովքեր ունեն արժեքների համակարգ, եւ հայերը հենց այդպիսիք են»:
Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին նոր վարչակազմի օրոք, ապա դրանք Քարամանյանի խոսքով անհրաժեշտ է դիտարկել ավելի լայն համատեքստում.
«Անհրաժեշտ է տեսնել, թե ինչպես կազդեն Ռուսաստանի հետ իր հարաբերությունները Հայաստանի հետ հարաբերությունների վրա: Դա կարող է նաեւ դրական ազդեցություն ունենալ»:
Գիտնական Տիգրան Անանյանը նույնպես կարծում է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները կարող են կապված լինել Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերությունների որակից, սակայն ավելացնում է, որ Դոնալդ Թրամփը որոշ դեպքերում կարող է անսպասելի գործել.
«Նա տրամադրության մարդ է, շատ չպետք է լսի էքսպերտներին, եւ եթե ինքը կարծում է այդպես ճիշտ է, այդպես էլ կանի»: