Սերգեյ Լավրովը՝ Բաքվի պահանջով ԼՂ այցելելու համար Մինսկում ձերբակալված հայտնի բլոգեր Լապշինի ձերբակալության մասին

newsru.co.il-ը հայտնում է, որ Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայկական «Նոր ժամանակ» թերթի ներկայացուցիչը հարց է ուղղել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին՝ կապված Մինսկում Ադրբեջանի պահանջով ձերբակալված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության հետ, որն ունի Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն։

Սերգեյ Լավրովն այդ առնչությամբ ասել է. «Մենք դեմ ենք լրագրողների կամ այլ մասնավոր անձանց՝ այս կամ այն տարախք այցելելու քրեականացմանը։ Մենք դեմ ենք, որպեսզի ՌԴ քաղաքացին արտահանձնվի»։

Լավրովը հիշեցրել է. «Մենք Բելառուսի հետ միութենական պետություն ենք, ինչը նախատեսում է միասնական վիզային ու միգրացիոն տիրույթի չափորոշիչների համաձայնեցում, ինչպես նաև անցանկալի անձանց միասնական ցուցակներ և արտահանձնման ոլորտում միասնական քաղաքականություն»։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտնել է, որ ռուս դիվանագետները հանդիպում են ունեցել Լապշինի հետ։ Նա հայտնել է, որ բլոգերի հետ հանդիպել են նաև իսրայելցի դիվանագետները։

«Մենք սերտ շփումների մեջ ենք իսրայելցիների հետ»,- հավելել է Լավրովը՝ նշելով, թե ձեռնարկվելու են անհրաժեշտ միջոցառումներ իրավիճակի լուծման նպատակով։
Լապշինը ձերբակալվել է Մինսկում դեկտեմբերի 15-ին, Ադրբեջանի իշխանությունները ամեն կերպ ձգտում են հասնել նրա արտահանձնմանը։ Դեկտեմբերի կեսին Լապշինը գրել էր, որ իրեն ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի պահանջով, որտեղ նրա անունը ներառվել էր ԱԳՆ-ի «սև ցուցակում»:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող Լապշինը 2011թ. ապրիլին և 2012 թվականի հոկտեմբերին այցելել է Լեռնային Ղարաբաղ «անօրինական ռեժիմի՝ միջազգային մակարդակով քարոզչության նպատակով»:
Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ բլոգերը «խախտել է Ադրբեջանի պետական սահմանի և անձնագրերի մասին օրենքները»։

Այդուհանդերձ, Լապշինը 2015թ. հունիսին մուտք էր գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նա կարողացել էր անցնել սահմանային հսկողությունը շնորհիվ ուկրաինական անձնագրում «Ալեքսանդր» անվան գրության (Օլեքսանդր):

Դրանից հետո բլոգերի նկատմամբ Ադրբեջանում մի քանի քրեական գործ էր հարուցվել:

Տեսանյութեր

Լրահոս