
«Նոր Իբրահիմովիչը» 5-ամյա պայմանագիր կստորագրի «Ռեալի» հետ

Շվեդական ԱԻԿ-ի և Շվեդիայի հավաքականի հարձակվող Իսակը մոտ է Մադրիդի «Ռեալի» հետ աշխատանքային պայմանագիր կնքելուն:Ավելի վաղ ենթադրվում էր, որ արքայական ակումբը կարող է ստորագրել 17-ամյա հարձակվողին արդեն այս շաբաթ:
Միևնույն ժամանակ «Նոր Իբրահիմովիչի» պաշտոնական տեղափոխությունը «Սանտյագո Բերնաբեու» կարող է ձևակերպվել միայն ամռանը, քանի որ «Ռեալին» դեռ կես տարի արգելված է ձևակերպել նոր ֆուտբոլիստների: Հաղորդվում է, որ Իսակը հնգամյա պայմանագիր կստորագրի «Սերուցքայինների» հետ:
Հետաքրքիր է, որ շվեդ հարձակվողի դեբյուտը մեծահասակ ֆուտբոլում տեղի է ունեցել 2016 թվականին, սակայն նա հասցրել է հարազատ ԱԻԿ-ի հիմնական կազմում անցկացնել 29 խաղ և դառնալ 13 գոլի հեղինակ: Բացի այդ, Իսակը 2 անգամ արդեն խաղացել է ազգային թիմում և աչքի է ընկել 1 գոլով: Այդ գոլը նրան դարձրել է ամենաերիտասարդ ռմբարկուն Շվեդիայի ազգային թիմի պատմության մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը