![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուս սկանդալային նկարիչ Պյոտր Պավլենսկին հեռացել է Ռուսաստանից
![](https://168.am/wp-content/uploads/2017/01/93584957_e3487e2e-7fae-4022-a5c8-0b2ac44e07fe.jpg)
Իր աղմկոտ քաղաքական ակցիաներով հայտնի ռուս նկարիչ Պյոտր Պավլենսկին հայտարարել է, որ հեռացել է Ռուսաստանից և պատրաստվում է քաղաքական ապաստան խնդրել Ֆրանսիայից, քանի որ վախենում է ռուսական հատուկ ծառայությունների կողմից սադրանքներից։ ՌԴ Քննչական կոմիտեում հարցաքննությունից հետո նա կարողացել է լքել Ռուսաստանը Բելառուսի միջոցով։ Այս մասին հայտնում է Дождь հեռուստաալիքը։
Նկարչի խոսքով՝ դեկտեմբերի 14-ին, երբ իր կնոջ՝ Օքսանա Շալիգինայի հետ վերադարձել է Վարշավայից Մոսկվա, իրեն տեղափոխել են ՌԴ Քննչական կոմիտե։
Հարցաքննությունից հետո նրան չեն ձերբակալել, Պավլենսկին որոշել է լքել Ռուսաստանը՝ մտավախություն ունենալով ՌԴ հատուկ ծառայությունների կողմից սադրանքներից։
«Իրականում, մեզ նախազգուշացրել են այն մասին, որ մենք չպետք է վերադառնայինք Ռուսաստան Վարշավայում գտնվելուց հետո»,- հավելել է նկարիչը։
Ռուսաստանում նրա ու Շալիգինայի դեմ մինչքննչական ստուգում է իրականացվում ՌԴ ՔՕ 132-րդ հոդվածի հատկանիշներով («սեքսուալ բնույթի բռնի գործողություններ»)։ Նկարիչն իր մեղքը չի ընդունում։
Պավլենսկին հայտնի է քաղաքականության թեմաներով իր աղմկահարույց նկարչական ակցիաներով։
Ամիսներ առաջ Պավլենսկին հրապարակել էր Մոսկվայի կենտրոնում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության շենքի դուռը հրկիզելու տեսանյութը: Կադրերում երևում է, թե ինչպես է Պավլենսկին կեցվածք ընդունում Լուբյանկայում Անվտանգության դաշնային ծառայության շենքի մուտքի մոտ, իսկ նրա հետևում երևում է այրվող դուռը։