«Դրանք ընդդիմադի՞ր են, ո՞նց կարող են դրանք ընդդիմադիր լինել». Սարգիս Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի մասին

«Ապրիլյան քառօրյա դավադրության ժամանակ մեր իշխանությունները չհասան իրենց նպատակին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Թալին ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը:

Ըստ Ս. Կարապետյանի՝ 2016 թվականի ապրիլի 2-ին թուրքերը հայ իշխանավորների թողտվությամբ եկան մեր զինվորներին կոտորեցին, բայց հայ զինվորներն ուժ գտան ու մեր հողերը հետ վերցրեցին: Նրա համար «սրբապղծություն» է ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրությունների օր նշանակելը, այս օրը, ըստ նրա, պետք է լիներ սգո օր. «Զարմացա, որ խորհրդարանում ոչ մեկը դրան չարձագանքեց: Մի՞թե խորհրդարանում մեկ հատ հայ չկար: Չի կարելի նման բան անել, այդ օրը մեր երեխաների կոտորածի օրն է»:

Խոսելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մասին՝ նա ասաց. «Նա ծաղրում է հայ ժողովրդին: Այս ազգի թշնամին է նա, նա վարչապետ չէ, ես իրան ընդունում եմ՝ որպես հայ ժողովրդի թշնամի»: Ըստ նրա՝ ժողովուրդը ոչ մեկին չպետք է հավատա, ընտրությունը որևէ նշանակություն չունի, կարող են կեղծել ընտրությունները:

Խոսելով ընդդիմադիր դաշինքների մասին՝ բանախոսն ասաց, որ դրանք ընդդիմադիր չեն. «Նիկոլ Փաշինյանն ընդդիմադի՞ր է, Նիկոլ Փաշինյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը ժողովրդին տարան ձկան խանութի դիմաց, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էլ զորքին բերին, ժողովրդի վրա կրակեցին, սպանել տվեցին: Դրանք ընդդիմադի՞ր են, ո՞նց կարող են դրանք ընդդիմադիր լինել»:

168.am-ի հարցին՝ եթե նրանք ընդդիմադիր չեն, ովքե՞ր են ընդդիմադիր, Ս. Կարապետյանը պատասխանեց, որ ոչ ոք, ընդդիմադիր չկա, բոլորն էլ նույնն են. «Ժողովուրդ, ձեր թշնամին ոչ ոք չէր, ձեր թշնամին ներկայիս իշխանավորներն են: Իրանց հաղթել հնարավոր չէ, իրենց սպանել, վերացնել, տապալել հնարավոր է»:

Տեսանյութեր

Լրահոս