
Թրամփի երդմնակալությունը բոյկոտ է հայտարարել 22 դեմոկրատ կոնգրեսական

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը բոյկոտելու մտադրության մասին արդեն հայտարարել է 22 դեմոկրատ կոնգրեսական։ Ինչպես հայտնում է ABCnews հեռուստաալիքը, նրանց մեծ մասը որոշել է ներկա չգտնվել երդմնակալությանն այն բանից հետո, երբ Թրամփը վիրավորել է քաղաքացիական իրավունքների համար պայքարող կոնգրեսական Ջոն Լյուիսին։
Լյուիսը, մասնավորապես, հայտարարել էր, թե չի կարծում՝ Թրամփը օրինական նախագահ է ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ-ի միջամտության պատճառով։
Ի պատասխան՝ Թրամփը խորհուրդ է տվել կոնգրեսականին ավելի մեծ ուշադրություն դարձնել իր նախընտրական շրջանին, որը «սարսափելի վիճակում է գտնվում»։
«Այն ժամանակ, երբ նրանցից ոմանք որոշում էին կայացրել շաբաթվա սկզբին, մի քանիսը այսօր հայտարարությամբ հանդես եկան, երբ նորընտիր նախագահը վիրավորեց Ջոն Լյուիսին, ինչը վերջին կաթիլը դարձավ»,- հայտնում է հեռուստաալիքը։
Իր հերթին, դեմոկրատ Իվետ Քլարքը հայտարարել է, որ վիրավորելով Լյուիսին, Թրամփը «վիրավորում է Ամերիկան»։
Լյուիսին իրենց համերաշխությունն են Twitter-ում հայտնել Մարկ Տականոն ու Ջուդի Չուն։