Առևտրի 580 կետերում սննդամթերքի իրացման խախտումներ է հայտնաբերել
Սննդի անվտանգության պետական ծառայությունը դեկտեմբերի 23-ից մինչև հունվարի 8-ը ներառյալ Երևանի և հանրապետության բոլոր մարզերի առևտրի կենտրոններում, պարենային ապրանքների խանութներում և մսի վաճառքի կետերում իրականացրել է հսկողության շրջայցեր:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանի խոսքով՝ խստացված վերահսկողության շրջանակներում ուսումնասիրվել են տնտեսվարող սուբյեկտների կողմից իրացվող սննդամթերքի պիտանելիության ժամկետին և պահման պայմաններին, իրացվող մսի և մսեղիքի պահման պայմաններին և հիգիենային ներկայացվող պահանջներին համապատասխանության փաստը: «Ընդհանուր առմամբ, հանրապետության ողջ տարածքում շրջայցեր են իրականացվել 816 տնտեսվարող սուբյեկտների մոտ, որոնցից 580-ում արձանագրվել են անհամապատասխանություններ, մասնավորապես` առանց սա հմանված կարգի մակնշման սննդամթերքի իրացման դեպքեր, պահման պայմանների անհամապատասխանություններ, մսի իրացման որոշ կետերում` առանց անասնաբուժասանիտարական փորձաքննության մսեղիքի իրացման դեպքեր: Հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունների դեպքում իրացվող սննդամթերքը, միսը կամ մսեղիքը հանվել է շրջանառությունից, և նման խախտումները բացառելու համար տրվել են անհրաժեշտ ցուցումներ»,- ասաց Դանիելյանը:
Ծառայության շուրջօրյա թեժ գծին տոնական օրերին ստացվել է 167 զանգ, որոնցից 12-ը բողոք է եղել, իսկ 151-ը` խորհրդատվություն: «Բողոքները հիմնականում վերաբերել են մսամթերքի, թռչնամսի որակին, մակնշման թերություններին: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ստացվել է մեկ զանգ թունավորման վերաբերյալ, սակայն մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ թունավորումը սննդային չէ: Քաղաքացիներին` առավելապես սննդամթերքի շղթայում հետաքրքրել են ծառայության էլեկտրոնային գրանցամատյանում գրանցման կարգը, սահմ անային ու հսկողության մանրամասները, արտադրություն կազմակերպելու համար անհրաժեշտ պայմանները և այլն: Բոլոր հարցերի վերաբերյալ տրվել է անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն»,- ընդգծեց Վահե Դանիելյանը:
Նա հավելեց, որ, հաշվի առնելով ներմուծման և արտահանման ծավալների ավելացումը, ծառայությունը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ աշխատել է սահմանային վերահսկողության հատուկ ռեժիմով ու հերթապահությամբ` ապահովելով սննդամթերքի ներմուծման և արտահանման անխափան ու արագ ընթացքը շաբաթ, կիրակի և տոնական օրերին: Միայն դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում ձևակերպվել է ծառայության ենթահսկման բեռների 160 հայտ, որոնցից 85-ը վերաբերել է ներմուծմանը, իսկ 75-ն` արտահանմանը: