Բաժիններ՝

Ղրղըզստանը հայտնել է Boeing-ի ավիաաղետի պատճառը

Boeing 747 ինքնաթիռը կործանվել է Ղրղըզստանում օդաչուների սխալի պատճառով։ Այդպիսին են մասնագետների նախնական եզրակացությունները, ճեպազրույցում հայտնել է Ղրղըզստանի առաջին փոխվարչապետ Մուհամմեդկալըյ Աբուլղազիևը։

«Ժ. 7:07-ին անձնակազմը վայրէջքի թույլտվություն էր ստացել «Մանաս» օդանավակայանի դիսպետչերներից։ Եղանակային պայմանները թույլ էին տալիս վայրէջքը։ Մինչ այդ, մառախուղի ժամանակ վայրէջք էր կատարել 11 ինքնաթիռ։ Մասնագետների նախնական տվյալներով՝ դա եղել է օդաչուների սխալը»,- պաշտոնյայի խոսքերը մեջբերել են տեղի ԶԼՄ-ները։

Պաշտոնյան նաև նշել է, որ օդաչուները տեղյակ են եղել «Մանասի» թռիչքուղուց, քանի որ մի քանի անգամ վայրէջք են կատարել Բիշքեկում։

Նրա խոսքով՝ աղետի հետաքննությամբ կզբաղվի միջազգային հանձնաժողովը։
Մինչ այդ, հայտնի են դարձել կործանված ինքնաթիռի անձնակազմի անունները։ Նրանք Թուրքիայի քաղաքացիներ են, որոնք բոլորն էլ զոհվել են։

Ճշտված տեղեկությունների համաձայն՝ Boeing 747-ը պատկանել է ոչ թե Turkish Airlines-ին, այլ թուրքական ACT Airlines ընկերությանը։ Turkish Airlines-ն այն վարձակալում էր։
Բեռնատար Boeing 747-400-ը կործանվել է հունվարի 16-ին Բիշքեկի «Մանաս» օդանավակայանի թռիչքուղուց 1.5 կմ հեռավորության վրա։
Վերջին տվյալների համաձայն՝ ավերվել է 32 բնակելի տուն, զոհվել է 35 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս