«Շշալցումից հետո հայկական գինու արժեքը չի կարող 1 դոլարից ավելի լինել». Հրաչ Բերբերյան
Օրերս Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը հայտարարել էր , որ Հայաստանն էժան գինի արտադրելու ռեսուրսներ չունի, այստեղ հնարավոր չէ արտադրել 1-1.5 դոլարանոց գինիներ: Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը, սակայն, լրիվ այլ կարծիքի է:
«Գյուղացուն հարցրեք, թե իր վրա մեկ լիտր գինու ինքնարժեքն ինչքան է նստում, կասեն, որ 100 դրամից չի անցնի, չնայած՝ հումքն էլ իրենն է, ուրեմն՝ 50 դրամից չի անցնի: Մեր հաշվարկներով՝ շշալցումից հետո գինու արժեքը չի կարող 1 դոլարից ավելի լինել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:
Խոսքը, ըստ նրա՝ մեկ տարեկան գինու մասին է, որը հնեցման խնդիր չունի: «Օրդինար և արեշի գինիները հնեցում են անցնում, բայց դա էլ այդքան ծախսատար չէ, եթե համապատասխան եկամուտ կա ու արտադրողը վարկ չի վերցնում: Եթե վերցնում է, ապա հնարավոր է՝ 2-3 անգամ գինն աճի: Բայց դա նորմալ է, որովհետև 2 տարեկան գինին ուրիշ արժեք ունի, մեկ տարեկան գինին՝ ուրիշ»: